Ավելի եռանդով պիտի ծառայենք. ականի պայթյունից տուժած հրամանատարն իր անձնակազմի հետ հոսպիտալից դիրքեր կգնա (տեսանյութ)

20:59 • 10.09.14

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին ականի պայթյունից տարբեր բարդության մարմնական վնասվածքներ ստացած զինվորականները, ովքեր այս պահին գտնվում են Մուրացանի զինվորական հոսպիտալում, պատրաստվում են ապաքինվելուն պես հրամանատարի գլխավորությամբ դիրքեր վերադառնալ: Ասում են՝ երկար պառկել չեն կարող, ծառայակիցներն իրենց են սպասում:

 

Tert.am-ն այցելեց հոսպիտալ՝ հետաքրքրվելու նրանց առողջական վիճակով. «Հատուկ գնդի» ազատամարտիկ, այժմ գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, ով պայթյունի հետևանքով կորցրել է ոտքերից մեկի կեսը, այսուհետ ևս չի պատկերացնում իրեն ծառայությունից դուրս: «Ինչպե՞ս եք, հրմանատա´ր» հարցին ուրախ ժպիտով պատասխանեց. «Ա´յ, դուք ո՞նց կլինեք, որ արձակուրդում լինեք: Ես հիմա արձակուրդում գտնվող մարդ եմ, հանգստանում եմ, էս ուրբաթ օրն արդեն դուրս կգրվեմ ու կգնամ իմ ընկերների մոտ: Փետից հարմարանք եմ սարքիլ տվել, որ հլա մինչև կաստիլ սարքիլը կապեմ ոտիս, գնամ տղերքի մոտ: Օրգանիզմս առողջ է, շուտ կլավանամ: Մեր սարերի ամեն առվից ջուր եմ խմում, ո՞նց առողջ չլինեմ»:

 

Հոսպիտալում գտնվելու ժամանակ ևս հրամանատարը չի մոռանում զինվորներին, և ինչպես ինքը պատմեց, զինվորներն էլ՝ իրեն. «Զինվորներս զանգում են, ասում՝ հրամանատար, մենք ոնց որ թուխսին կորցրած ճտեր լինենք: Ասում եմ՝ տղե´րք ջան, մինչև մի ամիսը ձեզ մոտ եմ: Հիմա ես իրավունք չունեմ չծառայելու: Ես ծառայում եմ ամենաչնաշխարհիկ վայրում»:

 

Իսկ թե ֆիզիկական նման խնդրից հետո ինչպես է պատկերացնում ծառայությունը, հրամանատարը պատասխանեց. «Շատ լավ, ես բացարձակ չեմ կարող առանց ծառայության: Ոտքս կպրոթեզավորեն, ի՞նչ կա դրա մեջ: Ու ավելի եռանդով պիտի ծառայենք, եթե սահմանին երկրորդ ականին էլ հանդիպենք, մի պրոթեզը կհանենք, կշպրտենք, նորը կդնենք»:

 

Հայ զինվորականի ոգին՝ ոգի, բայց ամեն դեպքում՝ փոխգնդապետ Բաբայանը հիշեցրեց, որ իրենք իրավունք չունեն հակառակորդին թերագնահատել: «Ճիշտ է, մենք կանոնավոր բանակ ունենք, բայց նրանց մեջ էլ լավ տղերք կան»,-ասաց նա և իր խոսքն ուղղեց Հայոց բանակին. «Մեր բանակին ցանկանում եմ խաղաղ ծառայություն, բայց Աստված չանի՝ եթե երբևէ մեր սահմանների գլխին ամպեր կուտակվեն, թող դրանք ցրվեն միմիայն Բաքվի մոտակայքում»:


Մեր այցի ժամանակ հրամանատարին տեսակցելու էր գնացել պահեստազորի մայոր Հրաչիկ Գրիգորյանը, ով նրա հետ 7 տարի ծառայել է նույն գումարտակում: Վերջինս զարմանքն արտահայտեց, որ հիմա էլ ընկերը հոսպիտալից որոշ առումով կառավարում է դիրքերը:

 

«Նրա տղաները երբեք չեն ընկճվի ու չեն զգա, որ իրենց հրամանատարը վիրավոր պառկած է: Ես կարող եմ վստահ ասել, որ ինքը պահում է Հայաստանի ամենաանառիկ սահմանն՝ արդեն 12 տարի: Ես հպարտ եմ իմ հրամանատարով, որ ինքն էս վիճակում նորից պատրաստ է գնալ սահման»,-ասաց նա և ավելացրեց. «Ես հիմա զինղեկ եմ դպրոցում և միշտ հրամանատարի մասին պատմում եմ իմ աշակերտներին, ու երբեք չհավատաք, որ մեր սահմաններով կարող է թուրքն անցնել, որովհետև ունենք էսպիսի քաջարի տղաներ»:

 

Հրամանատարի վարորդը՝ շարքային Անդրանիկ Բաբայանը, ով կորցրել է ոտնաթաթերից մեկը, վստահեցրեց՝ պարտադիր վերադառնալու է դիրքեր. «Հիմա հո հիվա՞նդ չենք, մի քիչ ոտքիցս կտրած ա, էլի´: Ինչպես մինչև հիմա եմ ծառայել, էլ ավելի լավ սրանից հետո եմ ծառայելու, որ հակառակորդն էլ իր կաշվի վրա ցավ զգա: Դիրքերից ներքև իմ տունն է, իմ ընտանիքը»:

 

Հետագա ծառայության մասին պատկերացումները ևս ներկայացրեց. «Ես ծառայությունը միշտ եմ սիրել, ու հիմա որպեսզի չասեն՝ վիրավորված տղա է, ավելի լավ եմ ծառայելու: Հետն էլ առանց կաստիլի եմ քայլելու: Հիվանդը եթե տխրեց, ավելի ուշ կլավանա, իսկ մեզ պետք է շուտ լավանալ, մեզ սպասում են»:

 

Անդրանիկ Բաբայանն իր հիացմունքն արտահայտեց նաև իրենց հանդեպ հասարակության ցուցաբերած ուշադրությունից. «Ես մինչև հիմա գիտեի, որ մեր ազգն էսքան նվիրված է: Մինչև էս դեպքն էլ էդպես գիտեի, բայց էս աստիճան չէի պատկերացնում»:

 

Վահագն Սարգսյանը, ով նույնպես ոտնաթաթի վնասվածք է ստացել, երկու տարի է՝ ծառայում է նշված զորամասում և պատրաստ է վերադառնալ ծառայության: «Թեկուզ ծնկից էլ կտրվեր ոտքս, էլի գնալու էի: Սպասում ենք՝ մինչև ապաքինվենք, որ գնանք ու մեր ծառայությունը շարունակենք»,-ասաց նա և հիշելով դեպքը՝ ավելացրեց. «Չորս հոգի վիրավորվել է, բայց հավատացեք, որ չորսի դեպքում էլ հայի թասիբն էր խոսում: Որ առաջինը վիրավորվեց, մյուսները գիտակցում էին, որ մոտենալու դեպքում իր հետ էլ նույնը կարող էր լինել, բայց գնացել են: Մտածել են՝ մտնեմ, թեկուզ ընկերոջս օգնեմ մի ձևով: Էդ պահին ոչ մեկը չի մտածել, որ հանկարծ իր հետ նման բան չլինի, բոլորս մտածել ենք, որ մտնենք ու օգնենք մեկս մյուսին»:

 

Նա հույս հայտնեց, որ ամենաուշը՝ մեկ ամսից նորմալ վիճակում կվերադառնանք դիրքեր: Իսկ ժողովրդի ուշադրության մասին նկատեց. «Մեր ժողովրդի ուշադրությունն իսկապես շատ կարևոր էր: Մեզ ոչինչ պետք չէ, երբ մարդը մտնում, բարև է տալիս ու հարցնում՝ ո՞նց եք, տղե´րք, դա նման է նրան, որ մի հինգ ժամով ցավազրկող ներարկեն: Երբ տեսնում ես, որ անտարբեր չեն, լրիվ ուրիշ զգացողություն է»:

 

Մեկ ոտքի կեսը կորցրած լեյտենանտ Հովհաննես Կոթինյանը, ով վերջերս է ավարտել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, ասաց, որ ինքն է ընտրել զորամասը, որտեղ պետք է ծառայի, և վերադառնալու է նույն դիրքեր:
Հրամանատարի վիրավորվելու պահին Հովհաննեսն առաջինն է փորձել մոտենալ նրան, սակայն չի հասել, ինքը ևս վիրավորվել է

 

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում օգոստոսի 28-ին, ժամը՝ 18.00-ի սահմաններում, ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ են ստացել փոխգնդապետ Լեռնիկ Ռաֆիկի Բաբայանը, կապիտան Վահագն Մանվելի Սարգսյանը, լեյտենանտ Հովհաննես Սամվելի Կոթինյանը, պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Ջիվանի Բաբայանը: