Երևանում փորձագետների համատեղ կոմիտեի նիստ է գումարվել ՀՀ-ԵՄ վիզաների տրամադրումը դյուրացնելու հարցով

21:43 • 10.09.14

Սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:


Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Իր ելույթում նախարարի տեղակալը նշել է, որ միջմարդկային շփումների խրախուսումը, հասարակությունների միջև շարժունակության բարձրացումն ու միգրացիայի արդյունավետ կառավարումը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ-ԵՄ օրակարգում, և այդ ոլորտներում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նախարարի տեղակալը կարևորել է վիզաների դյուրացման համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները:


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համաձայնագրի իրականացման հետ կապված խնդիրներին, քննարկվել են համատեղ կոմիտեի կանոնակարգը, վիզաների տրամադրման հետ կապված մի շարք հարցեր ու առաջարկություններ:

 

Վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստին զուգահեռ կայացել է նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի նիստը:


Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերի դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով:

 

Հայկական կողմից վերը նշված նիստերը վարում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: