«Բաց երկնքի» քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն և լինելու է շարունակական. Վիգեն Սարգսյան
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի մասին մանրամասներ, ասաց, որ այս ծրագիրը որոշակի առումով խթանում է նաև Հայաստանի Նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականությանը:
«Պետք է նշել, որ «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում այս տարվա օգոստոսին՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, զբոսաշրջիկների թվի մոտ 35% աճ ենք արձանագրել»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ սա միջազգային չափանիշներով լավ արդյունք է, ու համոզմունք հայտնեց, որ այն շարունակական է լինելու, և «բաց երկնքի» քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն, քանի որ այդ հարցում կա Նախագահի խիստ հանձնարարականը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարն ասաց նաև, թե բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստան գալու կամ Հայաստան թռիչքներ իրականացնելու, նրանք մեր երկրում լիարժեք աջակցության են հանդիպելու:
«Բոլոր կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի և զբոսաշրջության հարցերով, Նախագահի խիստ հանձնարարականը կա հետևողականորեն իրականացնել «բաց երկնքի» քաղաքականությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Վերջինս ասաց նաև, որ եթե որևէ ավիաընկերություն Հայաստանում որևէ խոչընդոտի հանդիպի, անպայման անհրաժեշտ է այդ մասին բարձրաձայնել. «Լինելու է պետության, ղեկավարության լիարժեք աջակցությունն այդ ավիաընկերությունների Հայաստան մուտք գործելու ուղղությամբ: Դա մեր ցանկությունն է, մեր ձգտումն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համար»,- ասաց Վիգեն Սարգսյանը:










