ԱՆ քրեակատարողական վարչության նոր պետը մի շարք հանձնարարականներ է տվել

17:49 • 10.09.14

Սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն անցկացրել է իր անդրանիկ աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՔԿ վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, ՔԿ վարչության և հիմնարկների ղեկավար անձնակազմը:


Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ վարչության պետը նշել է, որ չնայած կարճ ժամանակահատվածին՝ հասցրել է ծանոթանալ ծառայության գերակա խնդիրներին: Նա նշել է, որ այցելել է մի քանի քրեակատարողական հիմնարկ, ինչը շարունակական է լինելու:


Անդրադառնալով համակարգում կոռուպցիոն ռիսկերին՝ Ա. Օսիկյանը կարգադրել է ծառայությանն էլ ավելի սրտացավ լինել, իրենց առջև դրված պարտականությունները պատշաճ կատարել:


Հանձնարարվել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկների պատշաճ պահպանությունը՝ հնարավոր փախուստի փորձերը բացառելու նպատակով:
Վարչության պետը կարգադրել է հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը:


Խորհրդակցության ընթացքում Արթուր Օսիկյանը պահանջել է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և հանձնարարել է բացառել դատապարտյալների նկատմամբ երկակի մոտեցումները:


Առանձնակի կարևորելով քրեակատարողական ծառայողների կարգապահությունը՝ վարչության պետն անդրադարձել է ծառայողների ուսումնական պարապմունքների պարբերաբար և ոչ ձևական անցկացնելուն:
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արթուր Օսիկյանը կոնկրետ պահանջներ է ներկայացրել և հանձնարարականներ տվել քննարկված հարցերի կատարման վերաբերյալ: