Ավելի լավ է՝ զինվորին բարոյապես աջակցել. նախարարի արձագանքը Շուշան Պետրոսյանի նախաձեռնությանը

20:03 • 10.09.14

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շուշան Պետրոսյանն այսօր ԱԺ նիստում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ավելի շատ հայտարարությամբ հանդես եկավ, առաջարկելով, որ բոլոր նրանք, ովքեր այցելում են զորամասեր և ինչ-որ բաներ են հայտարարում, ավելի լավ է՝ խոսքը գործի վերածեն։

 

ՀՀԿ պատգամավորի առաջարկն էր՝ ուշադրություն դարձնել մարտական հերթապահություն կրող դիրքապահների պայմանների բարելավմանը: «Հովանավորներից շատերն են օժանդակում կրթօջախներում լսարանների կամ դպրոցների բարելավմանը, այս նախադեպը, կարծում եմ, հնարավոր է կիրառել մարտական հենակետերում և կացարաններում: Եվ թող ցուցանակներն էլ վկայեն, թե ում շնորհիվ են բարելավվել զինվորի ծառայութան պայմանները»,-ասաց պատգամավորը` հույս հատնելով, որ այս նախաձեռնությանը կաջակցեն գործարարներն ու բարերարները, շարքային քաղաքացիները:

 

Իսկ հարցը պաշտպանության նախարարին այն էր, թե արդյո՞ք հնարավոր է տեխնիկապես կազմակերպել իր այս նախաձեռնությունը:


Պատգամավորի առաջարկին ի պատասխան Պպաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե աջակցել անպայման կարելի է։ «Բայց տեխնիկական հարցերը պետք է թողնել ՊՆ-ի վրա, իսկ պատգամավորական ուժերը ավելի լավ է՝ սևեռել նախարարությանն ու զինվորին բարոյապես աջակցելուն, մշակութային միջոցառումներ անելուն ու սոցիալապես օգնելուն»,-ասաց նա:

 

Իսկ մինչ հարցին անդրադառնալը նա նախ՝ շնորհակալություն հայտնեց հուլիս-օգոստոս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՊՆ-ին, դիրքապահներին Կառավարության ու պատգամավորների աջակացության, սատար կանգնելու ու ոգեշնչելու համար: «Երկար ժամանակ մենք մարտական հերթապահություն ենք իրականացնում, և ադ խնդիրն ընդհանուր առմամբ՝ բանակային ստորաբաժանումների խնդիր չէ, բաց քանի որ դեռ չկա լիարժեք խաղաղություն, ընդունված չէ համապատասխան փաստաթուղթ, մենք ամեն դեպքում՝ մեր ողջ ներուժով և´ ՀՀ-ի սահմաններում, և´ Արցախում ՀՀ Զինված ուժերի ու Պաշտպանության բանակի ուժերով ապահովում ենք մեր սահմանների պաշտպանությունը»,-շեշտեց նախարարը:


Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում լուրջ աշխատանքներ են կատարվել հերթապահության ժամանակ անվտանգության, հակառակորդի դիվերսիոն հետախուզական գործողություններին հակազդման, սոցիալ-կենցաղային պամանների բարելավման ուղղությամբ: «Գտնում եմ, որ լիարժեք աշխատանք է կատարվել պահպանությունից պաշտպանության անցնելու ուղղությամբ, և հրապարակավ ուզում եմ մեր ժողովրդին հայտնել, որ այսօր բացառված է դասական ոճով լանամասշտաբ պատերազմական գործողությունների սկսումը հատկապես՝ Արցախում, որովհետև մանավանդ՝ հակատանկային զրահատեխնիկայի պայքարի և դիտարկման համակարգերը լիարժեք ներդրված են»,-նշեց նա: