Երևանում «ՎԱԶ-2121»–ը բախվել է ՃՈ «Տոյոտա Կորոլլա»–ին, որն էլ վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.37-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել փրկարարները: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34MR372 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Հ., ծնվ. 1984թ.) բախվել է կայանված ՃՈ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 734ՈՍ01 պետհամարանիշի ավտոմեքենային, որն առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել Հ. Գ.-ին (ծնվ. 1966թ.), Կ. Կ.-ին (ծնվ. 1980թ.) և Գ.Ա.-ին (ծնվ. 1981թ.), այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի 10SL655 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Խ., ծնվ. 1987թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Հ.-ն, Հ.Գ.-ն, Կ.Կ.-ն և Գ.Ա.-ն տեղափոխվել են Էրեբունի ԲԿ:
Բժիշկները Հ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն ծանր:
Փրկարարները դադարեցրել են ՎԱԶ-2121 և ՎԱԶ-21099 մակնիշի ավտոմեքենաների գազի արտահոսքը:










