Ինչպե՞ս է երկիրը դուրս գալու էս վարկերի տակից. Արամ Մանուկյանը՝ Արտեմ Ասատրյանին
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հերթական վարկային ծրագրի քննարկմանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե կառավարությունը մտահոգվում է, այդ գումարներն ինչպես են տալու, և տարեկան այդ տոկոսները ինչպես են մուծելու։ «Ինչպե՞ս է երկիրը դուրս գալու էս վարկերի տակից, քանի որ երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին»,-հարցրեց նա։
Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014-ի մայիսին 23-ին ստորագրված «Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը, ըստ որի՝ Սոցապնախարարությունը պատրաստվում է 13 միլիոնի վարկ վերցնել՝ ծրագիրն իրականացնելու համար:
Արտեմ Ասատրյանը նշեց, թե բոլորի մտահոգությունն է երկրի արտաքին պարտքը: «Բնական է, որ Կառավարությունը մանրամասն ուսումնասիրում է այս կարգի վարկային համաձայնագրերը և մտածում, թե ինչպիսի արդյունքներ է ապահովելու այն, արդյոք իսկապե՞ս նպատակահարմար է իրականացնել այդ ծրագիրը: Այս ծրագրի արդյունավետությունը միանշանակ պետք է գնահատեմ տեղին և նպատակային»,- ասաց նա:
Իսկ մինչ այդ, նախարարը տեղեկացրել էր, որ վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 5 տարի է: Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչներից: Առաջին բաղադրիչն է՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, երկրորդ՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտների բարեփոխումների իրականացնում, երրորդ՝ կենսաթոշակային համակարգի արդիականացում, չորրորդ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծական ուղղությունների մոնիթորինգի զարգացում և հինգերորդ բաղադրիչը՝ ծրագրի կառավարում:










