Ռուսաստանի համար ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն այժմ իմիջի հարց է. Բորիս Նավասարդյան

13:18 • 11.09.14

Արևելյան գործընկերության քաղաքացիական պլատֆորմի հայաստանյան համակարգող, Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը գտնում է, որ դժվար է ասել, թե հոկտեմբերի 10-ն Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը կլինի, թե ոչ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը Ղազախստանին այնքան էլ չի գոհացնում:


«Ռուսաստանի համար՝ Հայաստանի ԵՏՄ անդամակցության հարցը սկզբունքային էր նախորդ տարի, երբ նպատակ կար վիժեցնել Հայաստանի՝ Եվրոպական Միության ասոցացման համաձայնագիրը ստորագրելու հարցը»,- ասաց նա և ավելացրեց, որ այսօր դա Ռուսաստանի համար իմիջային հարց է:


Բորիս Նավասարդյանը նշեց, որ չիրականացավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելու՝ Հայաստանի մտադրությունը: «Ընդհանրապես Հայաստանի Մաքսային միության անդամ դառնալու հարցը կորցրել է իր արդիականությունը, որովհետև Մաքսային միությունը լուծվել է Եվրասիական տնտեսական միության մեջ և Մաքսային միության անդամ դառնալը նշանակում է ԵՏՄ անդամ դառնալ»,- ասաց նա:


Նա գտնում է, որ հիմա Ռուսաստանի և Ղազախստանի միջև կան խնդիրներ և Ղազախստանի՝ որպես ինքնիշխան պետություն զարգանալու ցանկությունն ինչ-որ տեղ հակասում է ԵՏՄ–ի էությանը:


«Ղազախստանի նախագահը փորձում է նաև այլընտրանքային ծրագրերի մեջ ներգրավված լինել: Ղազախստանը միաժամանակ մասնակցում է երեք տարբեր ինտեգրացիոն գործընթացներին և կասկածելի է, թե կցանկանա՞ Հայաստանը դառնալ ԵՄ անդամ։ Միակ երկիրն, ում հետ Հայաստանը ինչ-որ երկխոսության մեջ է, դա Ռուսաստանն է»,–ասաց նա:


Բանախոսն անդրադարձավ նաև Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության շրջանակներում ԼՂ Լեռնային Ղարաբաղի հարցին: «Որքան հասկանում եմ՝ Արցախի հարցը օրակարգում չէ, դա թողնված է հետագայի համար, Լեռնային Ղարաբաղը ԵՏՄ տարածքի մեջ չի մտնում»,- ասաց նա և նշեց, որ սահմանի հարցը բավականին հակասական է և թողնված է անորոշության մեջ:


Ըստ նրա՝ բեռների տեղափոխության համար բավականին լուրջ դժվարություններ կլինեն և դժվար կլինի այդ խնդրի լուծումն ակնկալել Վրաստանից: