Այլընտրանքն ու ընդդիմությունը «հոբելյանական 5 մլրդ-ին հասած» վարկային նախագծերին դեմ են, իսկ ԴԱՀԿ-ի մասին փոփոխված օրենքին՝ կողմ

12:51 • 11.09.14

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծն» ընդունվեց միաձայն՝ 114 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: Նախագծի հեղինակներն էին ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Հերմինե Նաղդալյանը և Վահրամ Բաղդասարյանը։


Կառավարության կողմից ներկայացրած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց` 71 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:


2014-ի մայիսի 23-ին ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրված «Կրթության բարելավման ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրի քվեարկության ժամանակ վարման կարգով խոսեց ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը. «Վարկի նպատակը բարի է, բայց պետական պարտքը անցնում է սահմանը, և բազմաթիվ են դեպքերը, որ վարկերն իրենց նպատակին չեն ծառայում, ուստի առաջարկում ենք մեր գործընկերներին ձեռնպահ քվեարկել»,- ասաց նա: Համաձայնագիրն ընդունվեց 72 կողմ, 22 դեմ, 20 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:


Քվեարկության դրվեց նաև ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Կրթության բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Վարման կարգով խոսեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «ԲՀԿ-ն քանիցս ասել է, որ մեզ համար ընդունելի չէ վարկային պարտավորությունները շատացնել` հասցնելով հոբելյանական հինգ միլիարդի սահմանագծին, ուստի դեմ ենք»,- ասաց նա: Համաձայնագիրն ընդունվեց 72 կողմ, 26 դեմ և 15 ձեռնպահ ձայների քվեարկությամբ: