Անկախության օրվա առթիվ մեծ միջոցառում կազմակերպելու համար Մշակույթի նախարարությանը կտրամադրվի մոտ 53 մլն դրամ
Կառավարությունը ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով Մշակույթի նախարարությանը կտրամադրի 53 մլն 976 հազ. դրամ: Ինչպես նիստին խոստացավ նախարար Հասմիկ Պողոսյանը՝ «լինելու է մասսայական մեծ միջոցառում՝ կատարողների ու պարային խմբերի մասնակցությամբ»:
Նշենք, որ նախարարությունը, ըստ որոշման նախագծի, գումարը տրամադրելու է «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Գումարը կտրամադրվի Կառավարության պահուստային ֆոնդից:
Ըստ որոշման նախագծի՝ գումարի տրամադրումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիների շրջանում անկախության կարևորության գիտակցության ամրապնդման, այն պատշաճ չափով արժևորելու, ինչպես նաև՝ սեպտեմբերի 21-ին հանրապետությունում տոնական տրամադրություն ստեղծելու անհրաժեշտությամբ:










