ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կարող է Ուկրաինայի խորհրդարանի վավերացմանը ներկայացվել սեպտեմբերի 16-ին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարող է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը խորհրդարան մտցնել սեպտեմբերի 16-ին, գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Գերագույն ռադայի կայքը:
«Որքանով ես գիտեմ, սեպտեմբերի 16-ին նախագահը պետք է վավերացման ներկայացնի ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագիրը, և խորհրդարանն այդ հարցով պետք է քվեարկի»,- ասել է Ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը: Նա հավելել է, որ Պորոշենկոն պայմանավորվել է Եվրոպական խորհրդարանի հետ միաժամանակյա վավերացման մասին:
«Ամեն դեպքում վավերացման հարցում ձգձգել մենք իրավունք չունենք»,- ասել է Տուրչինովը:
Ուկրաինայի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 27-ին Բրյուսելում Եվրամիության գագաթաժողովից առաջ:
Ավելի վաղ Եվրախորհրդարանի ներկայացուցիչը հայտնել էր ria.ru-ին, որ Եվրախորհրդարանում Ուկրաինայի հետ ասոցացման մասին համաձայնագրի քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 16-ին կամ 17-ին Ստրասբուրգում լիագումար նիստին:










