Եթե Ուկրաինայի արևելքում խաղաղ պլանը տապալվի, կսահմանվի ռազմական դրություն. Տուրչինով
Եթե Ուկրաինայի արևելքում խաղաղ պլանը տապալվի, Դոնբասում հակամարտության լուծման միակ տարբերակը կլինի ռազմական դրության սահմանումը: Այդ մասին հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Եթե խաղաղ պլանն օգուտ չտա, ռազմական դրության սահմանման և երկրի բոլոր ռեսուրսների մոբիլիզացման այլընտրանք մենք չենք ունենա»,- ասել է նա:
Տուրչինովի խոսքով՝ ռազմական դրության սահմանման հնարավորությունը նախատեսված է երկրի սահմանադրությամբ:
Նա նշել է, որ եթե նախագահը նման որոշում կայացնի, խորհրդարանը միշտ կաջակցի այդ որոշմանը:
Տուրչինովը նշել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է վերախմբավորել և ամրապնդել զինված ուժերը, փոխել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների քաղաքների ազատագրման մարտավարությունը և Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով ստեղծել ակտիվ պաշտպանության սահմաններ: Ընդ որում՝ Ռադայի խոսնակը բացառել է գրավյալ շրջաններն օկուպացված տարածք հայտարարելու հնարավորությունը:










