ՀՀ-ում ավելի շատ բռնության են ենթարկվում միջին տարիքի կանայք. հոգեբան
Հայաստանում ավելի շատ միջին տարիքի կանայք են ենթարկվում ընտանեկան բռնության: Այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում հաղորդեցին «Կանանց իրավունքների կենտրոնի» հոգեբան Մարինե Մարտիրոսյանը և իրավաբան Անաիդա Սիմոնյանը:
«Դժբախտաբար, մեզ դիմում են այն կանայք, ովքեր երկար տարիներ բռնության են ենթարկվում, և իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում»,-ասաց հոգեբան Մարինե Մարտիրոսյանը՝ նշելով, թե իրենց աշխատանքը բռնության ենթարկված կանանց հետ սկսվում է թեժ գծին ստացված զանգով:
«Երբեմն կանայք զանգահարում են այն պահին, երբ գտնվում են անելանելի վիճակում: Թեժ գծին նախ և առաջ պատասխանում է հոգեբանը, իսկ եթե հարկ է լինում, պատասխանում է նաև իրավաբանը»,-տեղեկացրեց հոգեբանը՝ նշելով, որ 2013 թվականի ընթացքում կենտրոնում 1902 զանգ է գրանցվել, որից շուրջ 1600-ը եղել են ընտանեկան բռնության զանգեր:
Իրավաբան Անաիդա Սիմոնյանի խոսքով՝ իրավաբանական խորհրդատվության կարիք ունենում և իրենց դիմում են կանանց մի մասը միայն, քանի որ նրանց մի մասին բավարարում է արդեն հոգեբանի խորհրդատվությունը:
«Հայաստանի կանանց մեծ մասը իրազեկված չէ իր իրավունքներից և ցածր իրավագիտակցության մակարդակում է գտնվում»,-ասաց իրավաբանը:
Կանանց իրավունքների կենտրոնի աշխատակիցներն ասացին նաև, որ կենտրոնը գործում է 1997 թվականից. «Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, փոխվել է կնոջ հայացքը: Զանգերն ավելացել են, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ բռնության ենթարկվող կանանց թիվն է ավելացել, այլ նրանց իրազեկվածությունն է բարձրացել, և կանայք ավելի շատ սկսել են մտածել իրենց մասին»,-ասաց հոգեբանը՝ շարունակելով, որ եթե նախկինում դիմում էին միայն այն ժամանակ, երբ ենթարկվում էին ֆիզիկական բռնության, խոշտանգումների, իսկ հիմա դիմում են նաև այն ժամանակ, երբ ենթարկվում են հոգեբանական ճնշումների:










