Արենի գինու փառատոնն այս տարի կտարբերվի նախորդ տարիներից. Մեխակ Ապրեսյան
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ Արենի գինու ավանդական դարձած 6-րդ փառատոնն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-5 և նախորդ տարիների համեմատ կընդգրկի ավելի լայն շրջանակներ:
«Մենք ունենք արդեն ավանդույթ դարձած շատ հեղինակավոր փառատոներ: Գինու փառատոնն այս տարի արդեն ընդլայնել է իր շրջանակները՝ պահպանելով ավանդական ժամկետը և վայրը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս տարի կընդգրկվեն նաև Վայոց ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Մալիշկա, Ռինդ և Եղեգնաձոր համայնքները:
Փառատոնի բազմապիսի միջոցառումները հոկտեմբերի 1-ից մինչև 5-ը «Արենի փառատոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կկայանա ոչ միայն Վայոց ձորի մարզում, այլ նաև վերջին օրը տոնը կտեղափոխվի Գյումրի: Այնտեղ հոկտեմբերի 5-ին կանցկացվեն «Արհեստի և արվեստի փառատոնը», «Հացի փառատոնը», ինչպես նաև տեղի կունենա այլ տոնական միջոցառումներ:
Փառատոնի ընթացքում տեղի են ունենալու տարբեր մրցույթներ, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից հրավիրված մասնագետները կանցկացնեն նաև վարպետության դաս:
«Փառատոնը հնարավորություն է տալու նաև բացահայտել Արենիի և մերձակա համայնքների զբոսաշրջային ռեսուրսը»,- ասաց ՄեԽակ Ապրեսյանը:










