Կոմիտասի երաժշտությունը մեր ժողովրդի ինքնությունն է. Դանիել Երաժիշտ

16:48 • 26.09.14

Այսօր Կոմիտասի ծննդյան օրն է։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը համոզված է, որ Կոմիտասի երաժշտությունը մեր ժողովրդի ինքնությունն է, և նրա երաժշտությունը կենսակերպ է։


«Մինչդեռ Կոմիտասի երաժշտությունը կենսական է մեզ համար, որովհետև մեր ինքնությունը վտանգված է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ ինչպես լեզուն է պահպանում ազգը, այնպես էլ՝ մեծերի երաժշտությունը։

«Կոմիտասը սովորական կոմպոզիտոր չէ, նրա ստեղծագործությունները սովորական չեն,- ասաց նա, ապա հավելեց,- Կոմիտասի առաքելությունը դեռ չի իրագործվել։ Ես ցանկանում եմ մեջբերել Ֆրիդրիխ Հենդելի խոսքերը, ով ասել է, թե եթե ես իմանամ, որ իմ երաժշտությունը միայն հաճույք է պատճառում մարդկանց, ես կդադարեմ ստեղծագործելուց, իմ նպատակն է կատարելագործել մարդկանց։ Կոմիտասը նույնպես իր արվեստով դիմում է մեր հոգուն՝ կատարելագործելու նպատակով, ոչ միայն հաճույք պատճառելու»։


Դանիել Երաժիշտը նկատեց, որ երբեմն մեխանիկորեն են Կոմիտասին դարձնում կուռք՝ ինչպես՝ հայրենասիրություն, հայրենիք, սփյուռք բառերը շարան են դարձրել։


Նա նշեց, որ Կոմիտասը հայ ժողովրդական երգը մշակել, բյուրեղացրել և օտար տարրերից մաքրել է։ «Թողել է հայեցին, անաղարտը, իսկ այսօր հակառակ գործընթացն է գնում։ «Չարվեստը», որը երկու իմաստ ունի՝ չարի արվեստ և ոչ արվեստ, ստեղծել է մի կարծրատիպ, որ Կոմիտասին փորձում է հարմարեցնել իրենց չափանիշներով երաժշտությանը, որպեսզի մատչելի դարձնեն, փոխում են այսօրվա առոգանությամբ, սակայն մենք պետք է Կոմիտասին հարմարվենք։ Դա անընդունելի է, լավ է չիմանաս, քան սխալ իմանաս Կոմիտասին»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է այն գնահատականին, որ հայ երգը Կոմիտասը հարմարեցրել է Հայոց այբուբենի հնչերանգին, Դանիել Երաժիշտն ասաց ինչպես Մաշտոցն է բացահայտել է մեր հնչյունաբանությունը, այնպես էլ Կոմիտասն է մեր երաժշտամտածողության մեջ նոր գործ կատարել։


«Ժողովրդի ստեղծածը բյուրեղացրել է։ Ինչպես դաշնամուրն են լարում, ինքն էլ մեր երգն է հայեցի լարել»,- ասաց նա և ավելացրեց, որ Կոմիտասի երաժշտությունը հայապահպան նշանակություն ունի։


Երաժիշտը վերջում իր խոսքն ավարտեց Կոմիտասի խոսքերով, որը մեզ փոխանցել է ֆրանսիացի երաժշտագետը՝ իր և Կոմիտասի ունեցած զրույցից։ «Որքան ապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը»։

«Ինչպես Մաշտոցն է բացահայտել է մեր հնչյունաբանությունը, այնպես էլ Կոմիտասն է մեր երաժշտամտածողության մեջ նոր գործ կատարել»,- ներկայացրեց Դանիել Երաժիշտը։

Կոմիտասի երաժշտությունը մեր ժողովրդի ինքնությունն է. Դանիել Երաժիշտ