Black Sabbath-ը նոր ալբոմ կթողարկի
Բրիտանական Black Sabbath ռոք խումբը նոր ալբոմ կթողարկի և կմեկնի շրջագայության, որը խմբի համար կդառնա վերջինը: Այդ մասին հայտարարել է Black Sabbath-ի վոկալիստ Օզի Օզբորնը, գրում է lenta.ru-ն: Ալբոմը դեռևս ձայնագրված չէ:
Երաժիշտների խոսքերով՝ ձայնագրման աշխատանքները կսկսվեն 2015 թվականին: Ակնկալվում է, որ պրոդյուսերը կդառնա Ռիկ Ռուբինը, ով խմբի հետ համագործակցել է «13» նախորդ ալբոմի ստեղծման ժամանակ:
Երգիչը չի հստակեցրել, թե որ երկրներն է խումբը պատրաստվում այցելել: «Երբ մենք ավարտեցինք նախորդ շրջագայության վերջին համերգը, անմիջապես սկսեցինք քննարկել այդ գաղափարը, քանի որ մեզ մշտապես հարցնում էին դրա մասին»,- ասել է Օզբորնը:
Նոր ալբոմը, որը դեռ անուն չունի, կդառնա 20-րդը խմբի պատմության մեջ: Վերջինը՝ «13», թողարկվել է 2013 թվականի հունիսին:










