«Իսլամական պետություն» խմբավորումը ցանկանում է վաճառել գողացված «արյունոտ հնությունները» (լուսանկարներ)

14:50 • 30.09.14

Սիրիայում և Իրաքում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ընթացիկ տարում հզորացել է, և այժմ բազմաթիվ ռազմական, տնտեսական և մշակութային նշանակության կառույցներ ու տարածքներ պատկանում են դրա անդամներին, գրում է Washington Post-ը։

 

Հայտնի է, որ ահաբեկչական խմբավորումը, գրավելով նավթահորեր և նավթի արդյունաբերությամբ զբաղվող գործարաններ, սկսել է «սև շուկայում» նավթ և նավթամթերք վաճառել Եվրամիության ու Ասիական երկրների ձեռնարկատերերին։

 

ԻՊ-ը գրավել է նաև ռազմական նշանակության օբյեկտներ, որտեղից զենք ու զինամթերք է ստանում:

 

Այժմ ԻՊ-ը ցանկանում է վաճառել «արյունոտ հնությունները», որոնք խմբավորման անդամները գողացել են թանգարաններից, եկեղեցիներից, մզկիթներից, մշակութային տներից և հուշարձաններից։

 

Բազմաթիվ փոքրիկ արձանիկներ, հնադարյան նմուշներ, որոնք ահաբեկիչները ոչնչացրել են, կարևոր դեր ունեն համաշխարհային և տեղի մակարդակով, քանի որ առանց դրանց անհնար է պատկերացնել Սիրիայի կամ Իրաքի պատմությունն ու մշակույթը։

 

Որոշ մշակութային բարձր արժեք ներկայացնող իրեր արդեն ոչնչացվել են, իսկ մնացյալ իրերը հանվում են վաճառքի, գրում է թերթը։ Նշվում է, որ միայն Ալ Նաբուկ սիրիական քաղաքի թալանից ԻՊ-ը ձեռք է բերել 36 միլիոն դոլար։

 

Մի շարք մասնագետներ և արևելագետներ պնդում են, որ անհրաժեշտ է թույլ չտալ ԻՊ-ին վաճառել այդ իրերն աճուրդներում կամ այլուր, ոչ միայն այն պատճառով, որ դրանից ահաբեկչական խմբավորումը ֆինանսավորում կստանա, այլ նաև նրա համար, որ Միջին Արևելքի պամամշակութային ժառանգությունը կվերանա և կտուժի։

 

«Իսլամական պետություն» խմբավորումը ցանկանում է վաճառել գողացված «արյունոտ հնությունները» (լուսանկարներ)