«Կզաքիսով կինը» կտավի տակ ֆրանսիացի գիտնականն առանց կզաքիսի կին է հայտնաբերել
Լեոնարդո դա Վինչիին վերագրվող հայտնի «Կզաքիսով կինը» կտավի տակ գաղտնի շերտեր են հայտնաբերվել, որոնցից մեկի վրա կինն առանց կզաքիսի է պատկերված։ Այդ բացահայտումն արել է ֆրանսիացի գիտնական Պասկալ Կոտը։ Նա 3 տարի է անցկացրել՝ ուսումնասիրելով կտավը, գրում է Вести-ն։
Գիտնականը պարզել է, որ դա Վինչին կտավը նկարել է 3 փուլով։ Առաջին տարբերակում կտավում եղել է միայն կինը, 2-րդում նա ավելացրել է կզաքիսին, սակայն 3-րդ տարբերակում կենդանին բավականին փոփոխվել է։ Այն դարձել է ավելի խոշոր և մկանուտ, իսկ նրա մորթու գույնն ավելի է սպիտակել։
Նախկինում համարվում էր, որ կզաքիսը կտավում եղել է միշտ։ Դա Վինչիի արվեստի գծով փորձագետները կարծում են, որ այդ բացահայտումը շատ բան է խոսում նկարչի աշխատանքի առանձնահատկությունների մասին։
Համարվում է, որ կտավում պատկերված է Չեչիլիա Գալերանին՝ Միլանի հերցոգ Լոդովիկո Սֆորցայի սիրուհին։ Ենթադրաբար, կտավն արվել է 1489-1490-ականներին։










