Հայաստանի տարածքից դուրս հայկական եկեղեցիները դատապարտված են կործանման. հայագետ
Հայաստանի պատկան մարմինները պատշաճ ուշադրություն և մտահոգություն չեն ցուցաբերում այն վանդալիզմի նկատմամբ, որ կատարվել է 1998-2006 թվականների ընթացքում Նախիջևանի հայկական հուշարձանների նկատմամբ. լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը:
«Մենք հաշվապահների նման միայն փաստարկում ենք, թե ավերեցին, ավերեցին, իսկ նրանք իրենց գործն են անում»-ասաց նա, նշելով, թե 1998 թվականին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից այս հարցը բարձրացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, սակայն հետևողական չեն եղել:
«ՀՀ որևէ կառույցի կողմից առ այսօր որևէ հայտարարություն չի արվում, ոչ մի քաղաքական կազմակերպություն որևէ հայտարարությամբ հանդես չեկավ, նույնիսկ նախիջևանահայերը ոտքի չելան: Հայաստանը և Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամներ են: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավոր է պահպանել այդ կառույցները, սակայն չպահպանելով հանդերձ` չի էլ դատապարտում Ադրբեջանին»,-մտահոգություն հայտնեց հայագետը՝ շարունակելով, թե Հայաստանը պետք է պահանջեր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից հանել Ադրբեջանին:
Բանախոսն ասաց նաև, թե Հայաստանի տարածքից դուրս հայկական եկեղեցիները դատապարտված են կործանման:
Որպես հարցի լուծում Արգամ Այվազյանը դեռևս տարիներ առաջ առաջարկել է ստեղծել համահայկական մի կառույց, որին պետք է իշխանությունները և մի շարք այլ կազմակերպություններ միանան, անդամավճարներ տան, որպեսզի հավաքագրված գումարներով կարողանան պահպանել, մաքրել, չափագրել հուշարձանները:
«Չեմ կարծում, որ արձագանք կլինի և հստակ տեսնում եմ, որ 20-30 տարի հետո մեր հուշարձանների կեսը չի լինի: Նախիջևանյան վանդալիզմից հետո որևէ արձագանք, դատապարտում չեղավ, և նմանատիպ օրինակները շարունակվելու են: Եթե նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը չքանդեն ու չպղծեն մեր հայկական եկեղեցիները, ապա նրանք ելուզակների կվարձեն, որոնք էլ կանեն իրենց սև գործը»,-եզրափակեց Արգամ Այվազյանը:










