Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու մասին ֆիլմն էկրաններին կհայտնվի 2015թ. նոյեմբերին
«Ավատար ֆիլմ» կինոընկերությունը 2015թ. նոյեմբերին «Ծովն ալեկոծվում է» անվանումով ֆիլմ կթողարկի Ղրիմը Ռուսաստանին միացնելու մասին, հայտնել է ընկերության պրոդյուսեր Անատոլի Սիվուշովը, փոխանցում է Газета-ն։
Նրա խոսքով՝ արդեն կան անկախ ներդրողներ, որոնք պատրաստ են մոտ 1 մլն դոլար տրամադրել ֆիլմի նկարահանումների համար։ Եվս 3 մլն դոլար նախատեսվում է ստանալ Մշակույթի նախարարությունից և Կինոյի հիմնադրամից։
Հեղինակների համաձայն՝ ֆիլմը կպատմի մարդկանց հարաբերությունների մասին ողբերգական իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել փետրվար-մարտին Ղրիմ թերակղզում։
«Սցենարում կա և՛ Ղրիմը, և՛ Կիևը, և՛ սեր, և՛ ոչ սեր, և՛ ընկերություն, և՛ ուսում։ Գլխավոր գործող հերոսները շատ երիտասարդ մարդիկ են։ Նախապես չեմ կարող բացահայտել սյուժեն»,- նշել է սցենարի հեղինակ Սերգեյ Շարգունովը։
Գլխավոր դերերից մեկը, հնարավոր է, կկատարի ՌԴ ժողովրդական արտիստ Ստանիսլավ Գովորուխինը։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Ղրիմն առանձնացել է Ուկրաինայից և միացել ՌԴ-ին:










