«Գութան» հայկական ազգագրական երգի-պարի փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության

11:28 • 01.10.14

Երևանում կայացել է «Գութան» ազգագրական երգի-պարի առաջին փառատոնը։ Մինչև կեսգիշեր ելույթ են ունեցել ազգագրական երգի ու պարի տասնյակից ավելի համույթներ՝ «Ակունք», «Սասուն», «Մարաթուկ», «Կարին», «Սասնա ծռեր», «Տարոնցիներ», «Մշո հավքեր», «Վան» և այլն՝ ներկայացնելով Հայաստանի ու պատմական Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական փոքրիկ դրվագներ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության։


Փառատոնի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել քաղաքապետարանին և պետական այլ կառույցների։


«Շատ ուրախ ենք, որ Երևան քաղաքում հերթական գեղեցիկ փառատոնն է կայանում։ Վստահ եմ, որ այն կդառնա ավանդական: Այդ մասին է հուշում նաև հանդիսատեսի ոգևորությունն ու ակտիվ մասնակցությունը փառատոնին։ Հավատացնում ենք, որ շարունակական է լինելու նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությունը յուրաքանչյուր նման գեղեցիկ նախաձեռնությանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

 


«Մրո» ազգային երգարվեստի կենտրոնի նախաձեռնած փառատոնն անցկացվել է Կասկադում՝ Գաֆեսճյան քանդակների պուրակում։


Ազգագրական երգի-պարի առաջին փառատոնին ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

 

 

 

«Գութան» հայկական ազգագրական երգի-պարի փառատոնը մեկնարկի առաջին իսկ պահից վերածվել է տոնախմբության