Հայֆեստ փառատոնը ներկայացնում է «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան

14:14 • 02.10.14

Երևանի տիկնիկային թատրոնում այսօր Հայֆեստ միջազգային թատերական փառատոնի շրջանակում տեղի կունենա 2012թ. Պուլիցերյան մրցանակի արժանացած «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:


Պիեսը ներկայացնում է Իրաքի պատերազմում վիրավորված վետերանի վերապրած տրավման ու նրա պայքարը վերաինտեգրման ու կյանքի «բնականոն» հուն վերադառնալու ճանապարհին:


Պրեմիերայի հատուկ հյուրերի շարքում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Արմանդո Ռիեսկոն, ով պիեսի առաջին ամերիկյան բեմադրության մեջ մարմնավորել է գլխավոր հերոսի կերպարը և Էլիոթ Ռուիզը, ԱՄՆ ծովահետևակի նախկին զինծառայող, ում կյանքի պատմությունը հիմք է հանդիսացել պիեսի համար:


Այս պիեսն ընտրվել է ԱՄՆ դեսպանության կողմից այն ակնկալիքով, որ հայ հանդիսատեսի շրջանում քննարկում ծավալվի այն մասին, թե հասարակությունն ինչպես է ընդունում պատերազմից ու զինվորական ծառայությունից վերադարձած երիտասարդներին, ովքեր խորը վերքեր ունեն՝ ֆիզիկապես և հոգեպես:


«Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսում առաջ են քաշվում հարցեր, որոնք Հայաստանում, ընդհանուր առմամբ, չեն արծարծվում, և շեշտադրվում են հետպատերազմյան տրավմաների ու հաշմանդամության հետ կապված խնդիրները:


Արմանդո Ռիեսկոն աշխատել է Հայաստանի ստեղծագործական թիմի հետ բեմադրության հարցերի շուրջ. եղել են մի շարք տեսազանգեր, իսկ այս շաբաթ նա ժամանել է Հայաստան բեմադրության վերջնական աշխատանքներին մասնակցելու ու պրեմիերային ներկա գտնվելու համար:

Հայաստանում նա անցկացնում է վարպետության դասեր երիտասարդ սցենարիստների հետ, տարբեր հանդիպումներում ներկայացնում է պիեսում արծարծվող հարցերը և մշակութային ոլորտի գործընկերների հետ քննության է առնում ժամանակակից ամերիկյան դրաման:


Բեմադրության նախապատրաստական աշխատանքների սկզբում հայկական ստեղծագործական խմբի հետ աշխատել է նաև ամերիկացի ռեժիսոր Սանչեզը: Իսկ Էլիոթ Ռուիզն օգնում է պիեսի ադապտացման հարցում, ինչպես նաև հանդիպումներ է ունենում հայ վետերանների ու զինծառայողների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ ծովահետևակի զինծառայողի իր փորձը:


Պիեսը հայաստանյան բեմում կներկայացվի 10 անգամ, ընդ որում՝ երկուսը Հայֆեստի շրջանակում: Վերջին ներկայացումը կլինի նոյեմբերի 24-ին: Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:


 


 

Հայֆեստ փառատոնը ներկայացնում է «Ջուրը՝ գդալ-գդալ» պիեսի պրեմիերան