Հայ բարերարի ջանքերով վերականգնվել է Աննա Աբամելիք-Լազարյանի տապանաքարը (լուսանկարներ)
Հայ ժողովրդի դուստր, Լազարյանների հռչակավոր տոհմի շիվ հանդիսացող Աննա Աբամելիք-Բարատինսկայայի շիրիմին, պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի ջանքերով, վերջապես տապանաքար դրվեց:
Կայսերական բանակի գեներալ-մայոր Դավիթ Աբամելիքի և Մարիա Լազարյանի դուստրը 19-րդ դարի Ռուսաստանի ամենագեղեցիկ և կրթված կանացից էր, հայտնի բանաստեղծ Եվգենի Բարատինսկու եղբոր՝ զինվորական և պետական գործիչ Իրակլիի կինը: Ամուսինները հուղարկավորված են Սանկտ-Պետերբուրգի Նովոդեվիչյե գերեզմանատանը: Խորհրդային տարիներին նրանց տապանաքարը ոչնչացվել է:
«Երբ 2 տարի առաջ հայկական և թաթարական համայնքները Բարատինսկիներին նվիրված միջոցառում էին անցկացնում, հիշեցի, որքան բան են արել մեր ժողովրդի համար Աննա Աբամելիքի նախնիները: Նրանց շնորհիվ քաղաքում հայկական երկու եկեղեցի կա: Ցանկացա երախտիքս արտահայտել Աննա Աբամելիքի միջոցով, ու Բարատինսկիներին հուշարձան կանգնեցնել»,- Tert.am-ի հետ զրույցում պատմեց Հրաչյա Պողոսյանը:
2012-ին նախագիծն ինչ-ինչ պատճառներով սառեցվել է: Երկու տարի անց բարերարին է դիմել Պետերբուրգցիների համաշխարհային ակումբն՝ այն կյանքի կոչելու առաջարկով:
Գերեզմանի գտնվելու վայրը ճշգրտվել է արխիվային նյութերի միջոցով՝ Սանկտ-Պետերբուրգի «Հավատամք» հայկական թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանի շնորհիվ: Վերականգնված շիրմաքարի օրհնության կարգ և հոգեհանգստյան պաշտոն է կատարել Ցարսկոսելսկի եպիսկոպոս Մարկելը: Այնուհետև հոգեհանգստյան աղոթք է հնչեցրել Սանկտ-Պետերբուրգի սուրբ Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը:
Արարողությանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր Հյուպատոս Հրայր Կարապետյանը, Պետերբուրգցիների համաշխարհային ակումբի նախագահ, պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, հասարակական և քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Կարծում եմ, սա քայլերից մեկն է, որպեսզի պատմության որոշակի դրվագ վերականգնելու միջոցով նաև քայլեր կատարվեն դեպի հայ-ռուսական բարեկամության խորացում»,- կարծիք է հայտնել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ Գլխավոր Հյուպատոս Հրայր Կարապետյանը:
«Հիշեցումն այն մասին, որքան բազմազան և հետաքրքիր է եղել մեր մշակույթը, և ինչ տարբեր մարդիկ են այն ստեղծել, կարծում եմ, շատ կարևոր է»,- նշել է Պետերբուրգցիների համաշխարհային ակումբի նախագահ Միխայիլ Պիոտրովսկին:
Աննա Աբամելիք-Բարատինսկայան փայլուն տիրապետել է եվրոպական մի քանի լեզուների, թարգմանել Պուշկինի, Լերմոնտովի, Տյուտչևի, Նեկրասովի և այլոց ստեղծագործությունները: Նրա տաղանդն ու գեղեցկությունը գովերգել են անվանի գրողները: Վերականգնված շիրմաքարին փորագրված են Աննա Աբամելիքին նվիրված Պուշկինի հայտնի տողերը:
.jpg)
.jpg)










