Մենք թատերական մենեջմենթի կազմակերպման խնդիր ունենք. Լևոն Մութաֆյան

15:22 • 05.10.14

Թատերագետ Լևոն Մութաֆյանը գտնում է, որ մենք թատերական մենեջմենթի կազմակերպման խնդիր ունենք և չպետք է բոլոր թատերական իրողությունները կենտրոնացնենք Երևանում։

 

«Հայաստանը կարող է դառնալ իսկապես գեղարվեստական հզոր կենտրոն ողջ տարածաշրջանում, եթե մենք մենեջմենթի խնդիրը կարգավորվենք, և փառատոնային, հյուրախաղային քաղաքականություն մշակենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

 

Թատերագետը նշեց, որ 2014 թվականի «թատերական աշունը»՝ ինչպես նախորդ տարի, բավականին խոստումնալից է և հարուստ թատերական իրադարձություններով։ Նա հայտնեց, որ մի քանի օր առաջ Վայոց ձորի մարզում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության փառատոնը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին։

 

«Թատերական խաղացանկի բազմազանությունն արդեն իսկ խոսում է մեզանում արմատավորվող լավ երևույթի մասին։ Թատրոնները բացում են իրենց դռներն աշխարհի առաջ՝ փորձելով ընդգրկել նոր ստեղծագործություններ, պիեսներ՝ մեկ նպատակ ունենալով՝ մեծացնել ինտեգրման գործընթացները։ Ուստի հայ թատրոնը, որ կարծես 90–ական թվականներին դուրս էր մնացել համաշխարհային թատերական զարգացումներից, նորից վերադառնում է դեպի զարգացումների ոլորտ»,-ասաց Լևոն Մութաֆյանը։

 

Ըստ նրա՝ միևնույն ժամանակ թատրոնների խաղացանկերի բազմազանությունը հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործել հանդիսատեսի ներուժը, այսինքն՝ ամրապնդել թատրոն-հանդիսատես կապը և տարբեր նախասիրություններ ունեցողների համար առաջարկել տարբեր ներկայացումներ։

 

Նա հայտնեց, որ նոյեմբերին Հայաստանում տեղի կունենա ՅՈւՆԵՍԿՕ–ի թատրոնի միջազգային ինստիտուտի գործադիր նիստը, որը եզակի երևույթ է մեր երկրի պատմության մեջ, և հնարավորություն կտա քննարկել արդի թատրոնում առկա խնդիրները, ներկայացնել առաջարկներ։


«Այսինքն, մենք հիմա այնքան բուռն թատերական խճանկար ենք ձևավորել, որ անգամ, երբեմն, դժվարանում ենք կողմնորոշվել, թե ուր գնալ, ժամանակը չի բավարարում թատերական բոլոր իրադարձություններին մասնակցելու համար»,-ասաց Լևոն Մութաֆյանը։

 

Թատերագետը նկատեց, որ մենք թատերական փառատոնները, հյուրախաղերը կենտրոնացնում ենք աշնանը, մինչդեռ պետք է համաչափորեն բաշխել ամբողջ տարվա ընթացքում, որպեսզի կուտակումներ չլինեն։ Ըստ նրա՝ քանի որ ամռանը զբոսաշրջիկների թիվն ավելանում է, շատ լավ կլինի այդ շրջանն օգտագործել նրանց մեր թատրոնը ներկայացնելու համար։



 

Մենք թատերական մենեջմենթի կազմակերպման խնդիր ունենք. Լևոն Մութաֆյան