Մահացել է ռուս ռեժիսոր Յուրի Լյուբիմովը (լուսանկարներ)

13:04 • 05.10.14

98 տարեկան հասակում Մոսկվայում այսօր մահացել է ռուս հայտնի ռեժիսոր Յուրի Լյուբիմով, հաղորդում է kommersant.ru-ն:


Ծանր վիճակում նա հոսպիտալացվել է հոկտեմբերի 2-ին: Ինչպես interfax.ru-ին հայտնել է բժշկական շրջանակներից աղբյուրը, բժիշկներն «արել են հնարավորինս ամեն ինչ, որպեսզի նրան ոտքի կանգնեցնեն, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ է գտնվել»:


Տագանկայի թատրոնի հիմնադրի մահը պաշտոնապես հաստատել են Բոտկինի հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել է «սրտային անբավարարվածություն» ախտորոշմամբ:


Հոկտեմբերի 2-ի երեկոյան նա իրեն վատ է զգացել և բժիշկների պնդմամբ հոսպիտալացվել է, ավելի վաղ պատմել է նրա կինը՝ Կատալին Լյուբիմովան:


Ռեժիսորի կնոջ խոսքերով՝ Յորի Լյուբիմովին շատ անհանգստացնում էր Տագանկայի թատրոնի շենքում իր նախկին գրասենյակի ճակատագիրը, որը նա հույս ուներ, կվերածեն հուշարձանային գոտու: Սակայն Մոսկվայի իշխանություններից նա այդպես էլ ոչ մի արձագանք չի ստացել:


Տագանկայի հայտնի թատրոնը Յուրի Լյուբիմովը հիմնադրել է 1964 թվականին: 2011 թվականին ռեժիսորը հեռացել է թատրոնից դերասանների հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով:


 

 

Մահացել է ռուս ռեժիսոր Յուրի Լյուբիմովը (լուսանկարներ)