Գիրք, որը լավ կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա. թուրք գրողի «Արսինե» վեպը Նոբելյան մրցանակի է ներկայացվել

17:10 • 07.11.14

Թուրք գրողի հեղինակած «Արսինե» վեպը, որը պատմում է գաղթը վերապրած հայ աղջկա մասին, Հայկական հարցի տեսանկյունից տարբերվող և հաջողված ստեղծագործություն է, «Ռադիկալ» պարբերականի բլոգում գրում է Այջա Թուրքմեն՝ Ալի Բայրամի ստեղծագործութան մասին:

 

Հայուհու մասին պատմող գրքի վերաբերյալ անդրադարձը ներկայացնում ենք ամբողջությամբ:

 

«2015թ-ին՝ հայ-թուրքական խնդիրների 100- ամյակին, հեղինակը երկու ժողովուրդների միջև մեկ դար շարունակվող խնդրին այլ տեսանկյունից է մոտենում, ինչի շնորհիվ էլ թուրք և հայ ընթերցողների կողմից մեծ ուշադրության է արժանանում»,- գրում է նա:

 

Բազմաթիվ կառույցների ու միությունների կողմից այս ստեղծագործությունը ներկայացվել է 2015թ.-ի գրականության Նոբելյան մրցանակի:

 

Նա գրում է, որ 107-ամյա մի կնոջ պատմության հիման վրա ստեղծված «Արսինեն» Հայկական հարցի 100-ամյակին էլ շատ է քննարկվելու, քանի որ ստեղծագործության հիմքում մի թեմա է, որի մասին քչերն են համարձակվում գրել:

 

Տարիներ շարունակ թուրք և հայ ժողովուրդների միջև եղած վիճահարույց խնդիրները հիշատակվել են վեճերում ու մահվան պատմություններով, սակայն «Արսինեն» այդ թեմային անդրադառնում է սիրո տեսանկյունից:

 

Սամսունի Քավաք շրջանում հայ մոր և թուրք հոր զավակ Արսինեն, իր ողջ կյանքում դժվարությունների հանդիպելով, նախընտրում է ընտրել Այշե անունը: