ԼՂՀ-ն ադրբեջանական խավիարային դիվանագիտությանն ու նավթադոլարներին համարժեք հիմնական միջոց կառաջարկի պատմական արդարությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) կողմից «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների ահագնացում» վերնագրով ընդունած հայտարարությունը որոշ առումով մտահոգում է նաև Ղարաբաղի իշխանություններին, բայց ըստ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, թե՛ ԼՂՀ-ն, թե՛ ՀՀ-ն ունեն բոլոր հնարավոր ռեսուրսները, որ իրավիճակը փոխեն այն ուղղությամբ, ինչ պետք է:
ՀՀ Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աշոտ Ղուլյանն ասաց, թե ամեն դեպքում ԼՂՀ-ն շատ բարձր է գնահատում ՀՀ ԱԺ գործընկերների աշխատանքը միջազգային խորհրդարանական հարթակներում:
«Եվ այն, ինչ տեղի է ունենում վերջին ամիսներին, իհարկե, որոշակի առումով մեզ էլ է մտահոգում, բայց չեմ կարծում, որ դա մշտական քաղաքական դիրքորոշում է: Ադրբեջանը տարիներ, ամիսներ շարունակ փորձում է միջազգային կառույցներում, իրավիճակը խեղաթյուրելով, Ղարաբաղի հիմնախնդիրը նենգափոխելով՝ ստանալ այնպիսի որոշումներ ու բանաձևեր, որոնք հաճելի են իրեն: Բայց համարում եմ, որ ժամանակային հարց է. օբյեկտիվ, սուբյեկտիվ հանգամանքների բերումով որոշակի առավելություն է տրվել Ադրբեջանին։ Մենք քննարկել ենք այս իրավիճակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների աշխատանքների ուղղվածությունը, թե ինչ կարող ենք մենք ինքներս անել՝ որպես ԼՂՀ ԱԺ, և եկել ենք այն եզրահանգման, որ իրավիճակը մտահոգիչ է, բայց այնպես չէ, որ ամեն ինչ կարծես ավարտվել է դրանով»,-ասաց նա:
Աշոտ Ղուլյանը նկատեց, որ եթե այդ տրամաբանությամբ շարժվեն, ապա պետք է մտածեին, որ Ադրբեջանի համար դա ողբերգություն էր, եթե մինչև հիմա նման ձևակերպումներ չկային միջազգային կառույցներում: «Այնպես որ պետք է աշխատել, գուցե ավելի համառ, գուցե մարտավարական հարցերում մեր դիրքորոշումը փոխելով, բայց մենք անպայման փոխելու ենք իրավիճակը»,-ասաց նա:
ԼՂՀ ԱԺ նախագահը նշեց, որ ադրբեջանական խավիարային դիվանագիտությանն ու նավթադոլարներին ամեն ինչ չի վերագրի, բայց խոստովանեց, որ եվրոպական հարթակներում դրանք կարծես ավելի ընդունելի են դարձել: «Բաց կա նաև որոշակի աշխատանքի տեղ, որ մենք անպայման պետք է դրա փոխարեն անցկացնեինք: Ես չէի ցանկանա այդ գործոններին համարժեք բան ասել, ամեն դեպքում կասեմ, որ մեզ համար շարունակվում է հիմնական միջոց մնալ պատմական արդարությունը, ինչ-որ 88-90-ականներին որպես պատմական, իրավական փաստարկներ ներկայացրել ենք ի օգուտ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի»,-նշեց նա:










