Դատարանի դահլիճը Հայկ Կյուրեղյանին ընդունեց հոտնկայս ծափահարություններով և «հերոս, հերոս» վանկարկումներով (տեսանյութ)

17:32 • 07.11.14

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր Հայկ Կյուրեղյանի գործով առաջին դատական նիստն էր, որը րոպեներ անց հետաձգվեց:


Դատարանի դահլիճում ներկաները նրան դիմավորեցին հոտնկայս ծափահարություններով, ինչպես նաև «հերո՛ս, հերո՛ս» վանկարկումներով:

Երբ ներս մտավ դատավոր Արմեն Բեկթաշյանը, Հայկ Կյուրեղյանը ոտքի չկանգնեց և հայտարարեց, որ չի հարգում այդ կառույցը և չի համարում արդարադատություն իրականացնող: Ապա նա նշեց, որ դեռ չի կողմնորոշվել պաշտպանի հարցում, որից հետո դատավորը հետաձգեց դատական նիստը:


Նշենք, որ Հայկ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ-ի հունիսի 12-ին՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստի օրը, գտնվելով հասարակական վայր հանդիսացող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևի հատվածում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների շարքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ բարձրացել է դատարանի շենքի առջևի ավտոկայանատեղիում կայանված մի ավտոմեքենայի տանիքի և իր մոտ պահվող «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ է արձակել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողներ Արմինե Գրիգորյանի, Սամսոն Ղարիբյանի, Միքայել Այվազյանի, և Արտաշես Նիկողոսյանի ուղղությամբ և դիտավորությամբ նրանց առողջությանը պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ: