Հալեպում դարձյալ հայ է զոհվել
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում այսօր առավոտյան դարձյալ հայ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Համաձայն տարածված տեղեկատվության՝ այսօր առավոտյան՝ ժամը 9:00-ին, Հալեպի Ազգային առաջնորդարանի շենքի դիմաց զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից արձակված ինքնաշեն հրթիռի պայթյունից զոհվել է 1965թ.-ին ծնված Նազարեթ Մալճյանը:
Վերջինս Ազգային առաջնորդարանի պահակն է:
Գազի բալոնով պատրաստված հրթիռի պայթյունի հետևանքով վիրավորվել է նաև երկու արաբ անցորդ:
Հանգուցյալի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան 3 տարի շարունակվող պատերազմի հետևանքով էական կորուստներ է ունեցել նաև հայ համայնքը: Սիրիահայերի զոհերի թիվը վաղուց անցել է 100-ը, համայնքը նաև էական նյութական վնասներ է կրել:










