Արդեն հերի´ք է, էլի´. Դավիթ Բաբայանը՝ ՀՀ-ի կոմից Արցախի Հանրապետությունը ճանաչելու օրինագծի մասին

19:48 • 08.11.14

ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում որպես ԱԺ որոշում՝ հրատապության կարգով  կներառվի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի` ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունը  ճանաչելու մասին օրինագիծը:

Այս առիթով Tert.am-ի հետ զրույցում ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ այս հարցը չի կարելի անընդհատ շահարկել:

 


«Արդեն հերի´ք է, էլի´, այս հարցի ուղղությունը պետք է տանենք այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման ճանապարհով: Հայաստանը կամ Արցախը հո դեմ չէ՞ ճանաչմանը, բայց առաջինը Հայաստանը չպետք է անի դա: Սա շատ հասականալի է, շատ պարզ տրամաբանություն է: Մենք բազմիցս նշել ենք, բազմիցս կոչ ենք արել, որ չի կարելի այդպիսի գործողություններ կատարել: Նույն Արցախը նաև բացեիբաց հայտարարում է այդ մարդկանց, որ պետք չէ այդ հարցը շահարկել, շատ ավելի լավ կլինի, որ մեր ուժն ու եռանդը կենտրոնացնենք այլ ուղղությունների վրա»,-ասաց նա:

 


Հիշեցնենք, որ սույն օրինագիծը քննարկվել է նաև ԼՂՀ-ում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների արտագնա նիստում ԼՂ խորհրդարանականների մասնակցությամբ, սակայն դռնփակ, ինչից հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ այն դռնփակ քննարկելու որոշմանը նպաստել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը և Թևան Պողոսյանը:

 


Դավիթ Բաբայանը նշեց, որ գուցե որոշ ուժեր կամ անձինք իրենց շահերից ելնելով են հարցը պարբերաբար բարձրացնում:

«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են անում, գուցե իրենց ներքին խնդիրներն են լուծում: Մենք գտնում ենք, որ հիմա այդ պահը չէ, և պետք է ջանքերը ներդնել այլ ուղղություններով»,-ասաց նա:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը ՀՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունը չճանաչելը պայմանավորում է նրանով, որ դա կխանգարի ԼՂՀ բանակցային գործընթացին: