Բացի գարնան ցրտահարությունից` Արարատի մարզում եղանակային պայմանները եղել են բարենպաստ
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Tert.am-ի հետ զրույցում գնահատելով գյուղատնտեսական տարին, ասաց, որ բերքի առումով բոլոր ցուցանիշները գերազանց են եղել:
«Ճիշտ է, տարին սկսվեց ցրտահարությամբ, սակայն հետագայում հողագործները կարողացան բավականին աշխատանք տանել, և բացի ծիրանից՝ մնացած բոլոր առումներով առաջընթաց կա: Բացի գարնան ցրտահարությունից՝ մնացած ժամանակ եղանակային պայմանները բարենպաստ են եղել»,-ասաց նա:
Չնայած այս տարվա սակավաջրությանը` Հայկազ Տերտերյանն ասաց, որ իրենք հինգ միլիոն խորանարդ մետր ավել ոռոգման ջուր են հատկացրել գյուղացիներին, քան նախորդ տարի: Նա վստահեցրեց, որ մթերման հետ կապված ոչ մի խնդիր չկա:
«Մի պահ ունեցանք ջրի հետ կապված խնդիր, ի պատիվ մարզպետի՝ առաջին անգամ պոմպերի միջոցով օգտագործեցինք ջրամբարի մեռյալ ջուրը, որովհետև 70 միլիոն տարողությամբ ջրամբարը լցվել էր ընդամենը 36 միլիոն»,-ասաց նա:










