Իշխանափոխությունը պետք է սկսել ընդդիմությունափոխությունից. «Հայազն»

14:32 • 08.11.14

Այսօր կայացավ «Հայազն» կուսակցության վարչության երկրորդ համագումարը: Վարչության անդամ Արմեն Աղայանը իր ելույթի ժամանակ ասաց, որ իրենց նպատակը կուսակցությունների վերացումն է, այդ թվում նաև իրենց կուսակցություն, սակայն դեռևս կուսակցությունը քաղաքական դաշտում կարևոր լծակ է՝ հատկապես ընտրություններին մասնակցելու առումով:


«Իշխանափոխությունը պետք է սկսել ընդդիմությունափոխությունից»,- ասաց նա և նշեց, որ դա վերաբերում է ոչ այնքան կոնկրետ կուսակցություններին, որքան ընդդիմության տեսակին, որն ունեցել ենք երկու տասնամյակ:


Արմեն Աղայանը գտնում է, որ նախևառաջ ընդդիմությունը պետք է հրաժարվի ռևանշիզմից, կռապաշտությունից, և ունենա գաղափարական նպատակներ:


«Հայազնը» համոզված է, որ արդյունավետ կարող է լինել այն ընդդիմությունը, որը իշխանափոխությունից բացի կառաջարկի ազգային նպատակներ և դրանց հասնելու հստակ ծրագրեր: «Արդյունավետ կարող է լինել այն ընդդիմությունը, որը կղեկավարվի ոչ թե անհատի, այլ թիմի կողմից»,- ասաց Արմեն Աղայանը և հավելեց, որ այդ առաջնորդող թիմն էլ չպետք է լինի ինքնահռչակ:


Ելույթ ունեցողը նշեց, որ այդ համոզմունքներից ելնելով «Հայազն» որևէ դաշինքի կողքին տրամադրված չէ գտնվել, փոխարենը իրենց դռները բաց են բոլոր համակիրների համար: