Ընթացիկ տարվա առաջին ինը ամիսներին Հայաստանում մահացածների շուրջ կեսն ունեցել է արյան շրջանառության համակարգի հիվանդություններ
2014 թ-ի հունվար սեպտեմբերին մահացած 21 հազ. 208 հոգուց շուրջ կեսի՝ 10 հազ. 398-ի մոտ հայտնաբերվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններ: Այս ցուցանիշը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը, համաձայն որի՝ նախորդ տարիներին մահացած մարդկանց հիմնական մասը ևս ունեցել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, սակայն այս տարի նրանց թիվը 784-ով ավելացել է նախորդ տարվա համեմատ:
Նախորդ տարվա առաջին ինն ամիսների համեմատ՝ այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին պակասել են դժբախտ պատահարներից, թունավորումներից և վնասվածքներից գրանցված մահերը՝ 15-ով, և կազմել 954 դեպք:
Նորագոյացություններից մահացած մարդկանց թիվը կազմում է մահացածների 20.1%-ը: Շնչառական օրգանների հիվանդություններից մահացածների թիվը կազմում է 1332, մարսողական օրգանների հիվանդություններից՝ 1 305, վարակիչ և մակաբուծային հիվանդություններից՝ 203 և այլն:
2014թ. հունվար-սեպտեմբերին մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդություններից գրանցվել է մահվան 15 դեպք:










