Ադրբեջանական ընդդիմության հանրահավաքի օրը փոխվել է՝ «իշխանությունների սադրանքի» հետևանքով
Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հանրահավաքը քաղբանտարկյալներին ազատ արձակելու և եվրաինտեգրման խորացման հարցով նոյեմբերի 10-ի փոխարեն տեղի է ունենալու նոյեմբերի 9-ին: Փոփոխությունը բացատրվում է այն հանգամանքով, որ Բաքվի քաղաքապետարանն արտոնել է հանրահավաքի անցկացումը կիրակի օրը, տեղեկացնում է contact.az-ը:
«Ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին հաղորդել է, որ նոյեմբերի 6-ին քաղաքապետարանից իրեն պաշտոնապես հաղորդել էին, որ համաձայն են հանրահավաքն անցկացնել նոյեմբերի 10-ին, սակայն երեկ ստացված պաշտոնական նամակում նշվում է, որ այն պետք է տեղի ունենա կիրակի՝ ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ազգային խորհուրդն այդ քայլը բնութագրել է որպես «իշխանությունների սադրանք»՝ ընդդիմության կողմնակիցներին ապակողմնորոշելու և միջոցառմանը պատրաստվելու ժամկետը կրճատելու համար:
Ամեն դեպքում, Ազգային խորհուրդը մտադիր է ակցիան իրականացնել նոյեմբերի 9-ին:
Բաքվի ոստիկանությունն իր հերթին կազմակերպիչներին զգուշացրել է, որ անընդունելի է համարելու ակցիայի ընթացքում այնպիսի կոչեր հնչեցնելը, որոնք դուրս կգան նախապես հայտարարված կարգախոսների սահմաններից, ինչպես նաև՝ հասարակական կարգի խախտումները:










