Դոնբասի անջատողականների հսկողության տակ գտնվող շրջաններում տեղի է ունենում տեխնիկայի տեղաշարժ. AP
Associated Press գործակալության թղթակիցները շաբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել են ուկրաինական անջատողականների հսկողության տակ գտնվող տարածքներում ռազմական տեխնիկայի մասշտաբային տեղաշարժերի մասին, հաղորդում է korrespondent.net-ը:
Նրանց խոսքերով՝ իրենք տեսել են առանց որոշակի նշանի ռազմական տրանսպորտի 80-ից ավելի միավորով երեք շարասյուն: Ավտոշարասյուներից մեկը նկատվել է Դոնեցկում, ևս երկուսը Սնեժնոե քաղաքի մոտակայքում:
Ավտոշարասյուների մեծ մասը բաղկացած է եղել ռազմական բեռնատարներից, նրանցից մի քանիսում եղել են փոքր տրամաչափի և խոշոր տրամաչափի հրետանային կայանքներ: Բացի այդ շարասյուներում շարժվում էր առնվազն մեկ զրահապատ մեքենա մարդկանց տեղափոխելու համար: AP-ն նշում է նաև, որ Դոնեցկում նկատվել է զինվորականներով մեկ բեռնատար:
Նախօրեին Ուկրաինայի անվտանգության խորհուրդը հաղորդել է այն մասին, որ ՌԴ տարածքից ներխուժել է 32 տանկերից և այլ ռազմական տեխնիկայից, ինչպես նաև 30 բեռնատարներից բաղկացած շարասյուն: Ռուսաստանը հերքել է այդ տեղեկատվությունը:










