Հայաստանում հույսները կապում են Պապ թագավորի հետ և ամեն անգամ քաղաքական ճգնաժամ ունենում. Ավետիք Իշխանյան

10:00 • 08.11.14

Հասարակությունը հպատակի հոգեբանությամբ սպասում է բարի թագավորի գալուն, որը հեքիաթներում է միայն լինում: Իսկ քաղաքական ուժերը, չունենալով կուսակցական ժողովրդավարություն, իրենք էլ իրենց հերթին հույս ունեն գալ իշխանության և Սահմանադրությամբ ունենալ հսկա թագավորական լիազորություններ:Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։


-Պարո՛ն Իշխանյան, Հայաստանին անհրաժե՞շտ են սահմանադրական փոփոխություններ։

 

-Սահմանադրության մեջ մենք ունենք մի գլուխ, որը հռչակում է մեր ազատությունն ու իրավունքները, բայց այդ հռչակումները կոպեկի արժեք չունեն, քանի որ իշխանության ձևավորումը հնարավորություն չի տալիս այդ իրավունքների պաշտպանությանը: Այս տեսակետից ես կարծում եմ՝ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխությունները, բայց համաշխարհային փորձը ցույց է տվել, որ իշխանության տարանջատում և պահանջ նոր Սահմանադրության ընդունմամբ լինում է հասարակության ճնշմամբ: Հասարակությունը գիտակցում է, որ այդ իշխանությամբ երկիրը զարգանալ չի կարող: Հայաստանում, ցավոք, հասարակության և քաղաքական ուժերի կողմից այդ պահանջը չկա դրված: Հասարակությունը թերևս հպատակի հոգեբանությամբ սպասում է բարի թագավորի գալուն, որը հեքիաթներում է միայն լինում: Իսկ քաղաքական ուժերը, չունենալով կուսակցական ժողովրդավարություն, իրենք էլ իրենց հերթին հույս ունեն գալ իշխանության և Սահմանադրությամբ ունենալ հսկա թագավորական լիազորություններ:

 


- Իշխանությունները, փաստորեն, իրենք են նախաձեռնել այդ փոփոխությունները։

 

-Ինձ համար դեռևս անհասկանալի է իշխանությունների՝ սահմանադրական բարեփոխումների գնալու ցանկությունը, որովհետև ես դեռևս չգիտեմ համաշխարհային պատմության մեջ դեպք, երբ իշխանությունն իր կամքով գնում է իր իշխանության սահմանափակման: Հատկապես Հայաստանի պարագայում, երբ մի կողմից Հանրապետական կուսակցությունն իր իշխանությունը երկարատև պահելու մասին է մտածում, մյուս կողմից էլ՝ իբր գնում է ինչ-որ սահմանադրական փոփոխությունների: Թերևս հարց է, թե ինչ նպատակով է դա արվում: Կարող եմ միայն ենթադրել հետևյալը, որ Հայաստանում մարդիկ հույսը կապում են Պապ թագավորի հետ, և ամեն անգամ նախագահական ընտրությունների ժամանակ մենք ունենում ենք քաղաքական ճգնաժամ: Իշխանությունները ցանկանում են ավելի ճիշտ իշխանության վերարտադրում անել առանց ճգնաժամի, պատճառը սա է, ես առայժմ չունեմ հստակ պատասխան:


-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ենթադրում է, որ պետք է անցում կատարվի խորհրդարանական կառավարման համակարգի, որի ջատագովը ժամանակին ընդդիմության ներկայացուցիչներն էին։ Բայց այսօր նրանք դեմ են արտահայտվում այդ փոփոխություններին: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:


-Ճիշտ կլինի՝ իրենք այդ հարցին պատասխանեն նրանով, որ այս իշխանություններն իրավունք չունեն սահմանադրական փոփոխություններ անել, քանի դեռ ընտրական իրավունքն ապահովված չէ, և այլն: Բայց, իմ կարծիքով, պատճառներից մեկն այն է, որ այն ժամանակ ուղղակի դա կարգախոս էր, իսկ հիմա ինչ-ինչ պատճառներով նրանք մտածում են, որ հնարավոր է՝ իշխանափոխություն լինի: Եթե մենք ընդունենք, որ այս փոփոխությունն ընդամենը ծուղակ է՝ իշխանությունների կողմից ստեղծված, ապա կարծում եմ, որ այդ ծուղակը միշտ էլ կարելի էր բացահայտել: Եթե իրենք կողմ էին խորհրդարանական կառավարման համակարգին, ապա կարող էին առաջարկություններով հանդես գալ, և երբ կտեսնեին, որ իրենց առաջարկությունները չեն անցնում և այդտեղ իսկապես ծուղակ կա, միշտ էլ բոյկոտել կարելի էր:


-Հիմնականում շեշտվում է այն վարկածը, թե իշխանությունները գնում են սահմանադրական փոփոխությունների՝ վերարտադրվելու նպատակով: Դուք ի՞նչ եք կարծում:


-Ես մի բան գիտեմ միայն, որ գործող Սահմանադրությամբ իշխանությունները միշտ վերարտադրվում են, ի՞նչն է խանգարում նրանց վերարտադրվելու գործող Սահմանադրությամբ: Սա այն հարցն է, որի պատասխանը ես առայժմ չունեմ:

 

Ինչ վերաբերում է նրան, թե սա վերարտադրվելու համար է արվում, ապա՝ բնականաբար. իշխանություններն իրենք էլ են հայտարարում, որ իրենք ուզում են վերարտադրվել և անվերջ մնալ իշխանության:

 

-Դուք դեմ եք եղել 1995 թվականին ընդունված Սահմանադրությանը, դեմ եք եղել 2005 թ.-ի փոփոխություններին ևս…

 

-Ես միշտ կողմ եմ եղել պառլամենտական հանրապետությանը, որովհետև իմ համոզմամբ՝ ժողովրդավարական զարգացում միայն կարող է ապահովվել պառլամենտական հանրապետությունը, որովհետև կապ չունի, թե անունը նախագահական է, դա նույն ձևն է, ինչ թագավորական, միապետական, դա նույնն է և չի ապահովվում ժողովրդավարական զարգացում: Պառլամենտական հանրապետությունը հնարավորություն է տալիս զարգացման, ընդամենը հնարավորություն, դա ոչ թե մի համակարգ է, որը 100 տոկոսով ապահովում է ժողովրդավարություն, այլ ընդամենը հնարավորություն է տալիս, իսկ նախագահական համակարգն ընդհանրապես այդ հնարավորությունից զրկում է:

 

-Եթե այդ բարեփոխումների հայեցակարգը դրվի հանրաքվեի, Դուք ինչպե՞ս կքվեարկեք:

 

-Ես իմ կարծիքը չեմ կարող ասել, եթե չլինի նախագիծը: Սա առաջին, և երկրորդ, եթե չլինի քաղաքական համաձայնություն, ապա ցանկացած նախագիծ տապալված կլինի: Իսկ իմ քվեարկության ձևի մասին առայժմ ձեռնպահ կմնամ խոսել:

 

Իմ կարծիքով՝ նախագահական համակարգը համակարգ է իշխանության և հպատակի միջև, իսկ պառլամենտական համակարգը՝ հարաբերություններ են իշխանության և քաղաքացիների միջև: Եվրոպական բոլոր ժողովրդավարություններում անխտիր, բացի Ֆրանսիայից, պառլամենտական համակարգեր են: