Մեքսիկայում հանցավոր խմբի անդամներն ավելի քան 40 ուսանող են սպանել
Մեքսիկայի Իգուալա քաղաքում ուսանողների անհետանալու գործով ձերբակալված կասկածյալները խոստովանել են ավելի քան 40 երիտասարդի սպանությունը: Այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կասկածյալները, որոնք թմրանյութի վաճառքով զբաղվող «Գերերոս Ունիդոս» հանցավոր խմբի անդամ են, խոստովանել են, որ սպանել են ուսանողներին, իսկ այնուհետ այրել նրանց դիերը:
Գլխավոր դատախազը ցույց է տվել լրագրողներին ձերբակալվածների խոստովանության տեսանյութը, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են ուսանողներին մտցրել բեռնատարները և տարել Կոկուլում գտնվող աղբանոց:
Մոտ 15 ուսանող մինչ ժամանելն արդեն սպանված է եղել, մնացածներին հանցագործները սպանել են աղբանոցում: Մարմիններն այրելուց հեոտ, նրանք մնացորդները, պարկերի մեջ դնելով, գցել են ջուրը:
Մեքսիկայի իշխանությունները դեռ չեն ստացել մահացածների մնացորդների փորձաքննության արդյունքները: Մուրիլյոյի խոսքով՝ չափազանց դժվար կլինի հայտնաբերել ԴՆԹ-ն և պարզել մարմինների ինքնությունը:
43 ուսանողները, ովքեր ակտիվ մասնակցություն էին ունենում բողոքի ակցիաներին, կորել են սեպտեմբերի 26-ին Գերերո նահանգի Իգուալա քաղաքում ոստիկանության հետ բախումներից հետո: Այդ ժամանակ ականատեսները հայտնել են, որ շատ ցուցարարների տարել է ոստիկանությունը: Իշխանությունների վարկածի համաձայն՝ ուսանողներին առևանգել է ոստիկանությունը, ավելի ուշ նրանց հանձնել տեղական հանցախմբերի ղեկավարներին: Ցուցմունք տված ոստիկանները պնդում են, որ ուսանողների վրա հարձակումը «պատվիրել է» քաղաքապետը, ում դուր չի եկել նրանց բողոքի ակտիվությունը:










