Մեքսիկայում ցուցարար ուսանողները մի քանի ավտոմեքենա են այրել

10:28 • 09.11.14

Մեքսիկայի Գերերո նահանգի Չիլպանսիգո քաղաքում ուսանողները և դասախոսները հարձակվել են կառավարության շենքի վրա։ Նրանք պահանջում են գտնել Իգուալեում անհետացած ուսանողներին, գրում է РИА Новости-ն։


Անկարգությունների մասնակիցները կոտրել են շինության ավտոկայանատեղիի դարպասները, որոշ ակտիվիստներ քարեր են նետել շենքի ուղղությամբ։


Ցույցի ընթացքում կայանված մեքենաներից մի քանիսն այրվել են, մյուսները՝ վնասվել։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Շինության պատերին ցուցարարները թողել են՝ «Մենք ցանկանում ենք նրանց ողջ տեսնել» և «Ինչո՞ւ ես դու մեզ սպանում» գրություններ։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Իգուալեում ոստիկանների մի խումբ՝ զինված քաղաքացիական անձանց հետ միասին հարձակվել է ուսանողների վրա, ովքեր բողոքել են կրթության բարեփոխումների դեմ։ Հարձակումն իրականացվել է նախկին քաղաքապետ Խոսե Լուիս Աբարկիի հրամանով։ Այդ ժամանակ սպանվել էր 6 մարդ, վնասվածք ստացել 17-ը, անհայտ կորել 57-ը, որոնցից 14-ը հետագայում վերադարձել էին տուն։