Եթե Հայաստանում կոալիցիա լիներ, նույնպես կփլուզվեր, ինչպես դա եղավ Վրաստանում. Ալ. Իսկանդարյան

14:07 • 10.11.14

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ նորմալ է, որ Վրաստանում կոալիցիան սկսել է քանդվել:


«Դա բնական է»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետը՝ շարունակելով, թե եթե Հայաստանում ևս նման կոալիցիա լիներ, ապա նույնը կլիներ՝ կփլուզվեր:


«Պատկերացրեք, որ Հայաստանում միավորվել են բոլոր քաղաքական ու ոչ քաղաքական ուժերն իշխանության դեմ, մարքսիստներից մինչև դաշնակներ, Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Ծառուկյան, օլիգարխներից սկսած՝ վերջացրած ՕԵԿ-ով...»,-ասաց Իսկանդարյանը:


Խոսելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ նա նշեց, որ կարծես թե ընդդիմության նոր կենտրոն է ձևավորվում և այդ մասով հետաքրքիր է՝ արդյո՞ք Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կհամագործակցի Սաակաշվիլիի հետ:


Քաղաքագետի խոսքով՝ չնայած սրան՝ Վրաստանը փորձելու է գնալ Եվրաասոցացման համաձայնագրի ուղղությամբ, միևնույն ժամանակ փորձելու է հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի հետ:


Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ՝ հայ-վրացական հարաբերություններն «ունիկալ» են, երկրները վերջին քսան տարիներին մշտապես տարբեր քաղաքական ճամբարներ են ընտրել, սակայն դրանք չեն խանգարել, որ հարաբերությունները նորմալ լինեն:


«Եթե մենք փչացնենք հարաբերությունները Վրաստանի հետ, դա մեզ այնպես կհարվածի, որ նույնիսկ չենք էլ պատկերացնում»,-հայտարարեց Իսկանդարյանը: