Գյուղատնտեսական համատարած հաշվառման վերջնական արդյունքները կամփոփվեն 2016թ-ի վերջին

22:01 • 10.11.14

Հոկտեմբերի 11-ից 31-ը Հայաստանում առաջին անգամ անցկացված գյուղատնտեսական համատարած հաշվառման արդյունքները կհրապարակվեն 2016 թ-ի 4-րդ եռամսյակում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային վիճակագրական ծառայության գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը՝ բացատրելով, որ տվյալների ամփոփումը ծավալուն աշխատանք է:

 

«Բոլոր հաշվառողների պայուսակները պետք է ընդունենք, ստուգենք, ծածկագրենք, մուտքագրենք»,-ասաց նա:
Հարցին, թե ինչ ճշգրտություն կունենա վիճակագրությունը, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ հողի վերաբերյալ տվյալները ավելի ճշգրիտ կլինեն, քանի որ մարդիկ անկաշկանդ ներկայացրել են, թե ինչքան հող են մշակում, և դա նաև այն պատճառով, որ հողի սեփականությունը փաստաթղթավորված է՝ ի տարբերություն անասնագլխաքանակի, և այստեղ, իմ սուբյեկտիվ կարծիքով, շեղում կարող է լինել»:

 

Վարդան Գևորգյանն ընդգծեց, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումը կարևոր է զուտ վիճակագրության տեսանկյունից:


«Մենք վիճակագրություն ենք հավաքել գյուղատնտեսական հողերի մշակաբույսերի, ցանքատարածությունների, բազամյա տնկիների տարածությունների, ոռոգման աղբյուրների, բույսերի պաշտպանության, գյուղատնտեսական տեխնիկայի, անասնագլխաքանակի վերաբերյալ, և այս ամբողջը զուտ վիճակագրական նպատակով տվյալների հավաքագրում էր, որը ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթով անդամ երկրները պարտավոր են տասը տարին մեկ անցկացնել: Մենք իրականացրինք այն առաջին անգամ»,-ասաց նա:


Վարդան Գևորգյանը նաև նշեց, որ ծրագրին մասնակցել է շուրջ 6200 հաշվառող: