Չենք կարող շարունակել այդ պարտվողական գործընթացը. քննարկում՝ Մինսկի խմբի և Մադրիդյան սկզբունքների շուրջ
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հենվում է կոնֆլիկտի պատմության, նրա բնույթի և գործոնների աղավաղման վրա, խեղաթյուրում է, շրջանցում է իրական խնդիրը և ստեղծում է կեղծ խնդիր: Այսօր կազմակերպված կլոր սեղան-քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեցին քննարկման մասնակիցները:
ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանն իր խոսքում ասաց, թե իրականում ունենք խնդիրներ, որոնք այդպես էլ չեն բարձրացվում:
«Դրանցից ամենակարևորը հայերով կոմպակտ բնակեցված տարածքների խնդիրն է, որը պարբերաբար բարձրացվում է ադրբեջանցիների կողմից, թե իրենք Ղարաբաղում պետք է ունենան Շուշիում վերաբնակեցված ադրբեջանական զանգված, հարակից գյուղերում պետք է ունենան բնակչություն, իսկ մեզանում այդպիսի բան ուղղակի գոյություն չունի. մենք չենք ներկայացնում, որ Շահումյանը որպես այդպիսին պատմական, միայն հայերով բնակեցված տարածք էր, որ այդպիսի տարածքները Ադրբեջանում բազմաթիվ են, որ Բաքվի հայությունը մշակութային ինքնության ներկայացուցչություն է, որը չի կարող անտեսվել»,- ասաց նա։
Վարդան Խաչատրյանը նշեց, թե այս ամենից ելնելով, պետք է ասել, որ մենք չենք կարող շարունակականություն տալ այդ պարտվողական գործընթացին և չբարձրացնել այն խնդիրները, որոնց անտեսումը վերաբերում է հարյուր հազարավոր հայերի ճակատագրերի: «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ որևէ հանրային մոտեցում չկա: Ա՛յ սա է խնդիրը»,-ընդգծեց նախկին պատգամավորը:
Քննարկմանը մասնակից հասարակական-քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանն էլ իր հերթին անդրադառնալով Մինսկի խմբի գործողություններին և Մադրիդյան սկզբունքներին, ասաց, թե աշխարհը որևէ ձայն չի հանում մի շարք երկրներում բնակիչների տեղահանությունների վերաբերյալ:
«Այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս հենց Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը»,-ասաց Սարգիս Հացպանյանը։ Հիշեցնելով Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարություն՝ նա ասաց, թե երբ որևէ հարց առնչվում է Ռուսաստանի շահերին, նրանք արձագանքում են միայն իրենց ձեռնտու ձևով, իսկ երբ խոսքը Հայաստանի և Արցախի մասին է, նրանք այլ տեսակետ են հնչեցնում:
«Սա երկակի ստանդարտների մասին է խոսում»,- հայտարարեց Սարգիս Հացպանյանը՝ հավելելով, թե Հայաստանը չի անում պետականաշինության այն քայլերը, որ պետք է անի:
«Իմ մոտ տպավորություն է, որ չի էլ ուզում անել: Ես՝ որպես պատերազմի մասնակից, երբեք թույլ չեմ տա, որ որևէ ազատագրված տարածք երբևէ շահարկման առարկա դառնա»,– ավելացրեց նա:










