Ադրբեջանի ընդդիմությունը հանրահավաքի ընթացքում պահանջել է Ալիևի հրաժարականը
Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմակերպության նոյեմբերի 9-ին անցկացված հանրահավաքի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը պահանջող կոչեր են հնչել, տեղեկացնում է contact.az-ը:
«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հանրահավաքը պատմական է որակել: «Այս պահին երկրում իշխում է չարը: Սովորաբար նման ռեժիմները խլացնում են ժողովրդի ձայնը: Սակայն Ադրբեջանում, չնայած ճնշումներին, ժողովուրդը հրապարակ է դուրս եկել և բողոքում է չարի դեմ»,-ասել է Քերիմլին:
Նա նշել է, թե իշխանությունները ճնշումների միջոցով փորձում են հանրությանը ստիպել լռել, սակայն դա չի հաջողվում՝ չնայած ակտիվիստների, լրագրողների ու բլոգերների ձերբակալություններին:
Ակցիայի ընթացքում պաստառներ են պարզվել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրին միանալու, Ընտրական օրենսգիրքը փոխելու և քաղաքական ճնշումներին վերջ տալու պահանջներով:
Ակցիայի կազմակերպիչների հավաստմամբ՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 7.000 մարդ:
Հանրահավաքի ավարտին բանաձև է ընդունվել հետևյալ պահանջներով. ազատ արձակել քաղբանտարկյալներին, ապահովել քաղաքական ազատությունները, դադարեցնել ճնշումները կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների նկատմամբ, ընտրական բարեփոխում իրականացնել, փոխել ընտրական հանձնաժողովի կազմն ու ուժեղացնել եվրաինտեգրման գործընթացը:
Ըստ այդմ՝ իշխանությունները պետք է հայտարարեն ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մտադրության մասին, ինչպես նաև արդյունավետ օգտագործեն նավթային պաշարները:










