Բաքվում բլոգեր է ձերբակալվել
Բլոգեր Մեհման Հուսեյնովին այսօր առավոտյան ձերբակալել են Բաքվի օդանավակայանում` Վրաստան մեկնելուց առաջ: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին հաղորդել է լրագրող Խադիջա Իսմայիլովան:
2012թ.-ի ամռանը Հուսեյնովի դեմ քրեական գործ էր հարուցվել, և նրան արգելվել էր երկրից դուրս գալ: Հուսեյնովին մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության աշխատակցի հանդեպ խուլիգանական արարք իրականացնելու համար:
Սակայն քրեական գործի քննության ժամկետն ավարտվել էր, և Հուսեյնովը դիմել էր դատախազություն՝ երկրից դուրս գալու արգելքը վերացնելու պահանջով:
Դատախազությունը խորհուրդ էր տվել դիմել ոստիկանություն, որտեղից, սակայն, բլոգերը պատասխան չի ստացել:
Գործնականում ստուգելու համար՝ հանվե՞լ է արդյոք արգելքը, Հուսեյնովը ցանկացել է օգտվել հրավերից և մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու ԵԱՀԿ-ի համաժողովին:
Ձերբակալությունից հետո նրա հետ հեռախոսակապն ընդհատվել է:










