«Դ!ԵՄ ԵՄ»-ի հասցեին բամբասանքները զառանցանք են. Գևորգ Գորգիսյան
«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության հասցեին բամբասանքներ միշտ եղել են: Ամեն դեպքում՝ դրանք բոլորը զառանցանք են: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով վերջին շրջանում թիմի պասիվության շուրջ շրջանառվող խոսակցությունները:
«Մեր ակտիվությունն ու պասիվությունը պայմանավորված էր նրանով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքն ընդունելուց հետո տարբեր մարդիկ հայտնվեցին տարբեր կացության մեջ: Մի մասի հարցը ժամանակավոր լուծվեց՝ հետաձգվելով երեք տարով, իսկ պետական աշխատողներն արդեն իսկ համակերպվել են իրենց վիճակի հետ: Վախենալով բարձրաձայնել իրենց խնդիրը՝ օրենքն այդպես էլ բաշխվեց, պետական աշխատողները մնացին օրենքի շրջանակներում, մասնավորը դուրս եկավ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դա ակնհայտ սահմանադրական խախտում է, որովհետև մարդկանց ըստ աշխատանքի վայրերի դասակարգելը բացարձակ անհեթեթություն է:
Շարժման պասիվությունը Գևորգ Գորգիսյանը նաև պայմանավորեց հանգամանքներով, որ մարդկանց մի մասը հիասթափվեց ուղղակի, մյուսները պահանջները բավարարված համարեցին. «Մենք ամառվա ընթացքում էլ, սեպտեմբերին էլ փորձեցինք որոշակի ակցիաներ անել, բայց բոլոր ազգերի մոտ էլ դանակը մինչև ոսկորին չի հասնում, ոտքի չենք կանգնում: Հիմա երեք տարի հետո մեզ մոտ դանակը կրկին կհասնի ոսկորին»:
Հարցին, թե ինչ ազդեցություն ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարժման վրա, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Բացարձակ ոչ մի դերակատարում չունեցավ, ընդամենը կրկին անգամ համապատասխանեց սպասելիքներին, որը քաղաքացիներն ունենում են մեր կառավարությունից: Խոստումներ տվեց, որոնք մնացին անկատար: Եվ հիմա ունենք նույն օրենքը տարբեր անուններով, որը նորից հակասահմանադրական է»:










