Լատվիայում քարոզում են ՌԴ-ին երկրի արևելյան հատվածի միանալու օգտին

15:56 • 13.11.14

Լատվիայում ռուսամետ ակտիվիստները Ռուսաստանին Լատվիայի արևելյան հատվածի միանալու օգտին քարոզարշավ են սկսել, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը: Այդ մասին հայտնել է Կրասլավայի երկրամասի դումայի նախագահ Գունարս Ուպենիեկսը:

 

«Ակտիվիստները մարդկանց տներ են գնում, թռուցիկներ բաժանում և պատմում Ռուսաստանին Լատգալիայի միանալու հնարավորությունների մասին: Տեղեկությունն արագ հասնում է դումա, բայց մենք հնարավորություն չունենք կանգնեցնել այդ շարժումը»,- ասել է քաղաքապետը:

 

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գունարս Ուպենիեկսը հայտնել է, որ սեպտեմբերին Եվրախորհրդարանի պատգամավոր Տատյանա Ժդանոկի գլխավորությամբ «Լատվիայի ռուսական միությունը», օգտագործելով նախընտրական արշավի հնարավորությունները, Դաուգավպիլս քաղաքում նյութեր է տարածել, որոնցից կարելի էր կռահել, որ շրջանին սպասվում է Ղրիմի ճակատագիրը:

 

Այդ կուսակցությունը միակն է եղել Լատվիայում, որ օրինական է ճանաչել Ղրիմի անեքսիան:

 

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջատար Յուրի Զայցևը հայտարարել է Լատվիայի հեռուստատեսությանը, որ եթե ներկայիս իշխող կուսակցությունները չընդլայնեն ռուսաց լեզվի օգտագործման իրավունքները և չընդունեն քաղաքացիության զրոյական տարբերակը, տեղի ռուսները կմիանան Ռուսաստանին: