Սաուդյան թագավորը ցանկանում է քանդել տունը, որտեղ ծնվել է իսլամի մարգարեն

16:25 • 13.11.14

The Independent-ն անդրադարձել է վերջին շրջանում աշխարհի մուսուլմաններին վրդոված Սաուդյան Արաբիայի իշխանությունների պահվածքին:

 

Այդ երկրի թագավոր Աբդուլլահը ցանկանում է ավերել Մեքքայի այն տունը, որտեղ ըստ ավանդության ծնվել է իսլամի մարգարե Մուհամեդը: Ըստ մամուլի՝ թագավորը ցանկանում է այդ վայրում իր համար նոր պալատ կառուցել՝ Մեքքա ուխտագնացության իր այցերի համար: Սակայն ի սկզբանե նշվել էր, թե տունը կքանդվի՝ մզկիթն ընդլայնելու համար:

 

Տարբեր մուսուլմանական երկրների լրատվամիջոցներն այս օրերին հիշում են, որ Սաուդյան Արաբիան հարյուրավոր պատմական շինություններ է ավերել մինչ օրս: Այս շարքից ամենավերջինը 500-ամյա սյուների ապամոնտաժումն էր, որոնք տեղադրվել էին ի հիշատակ մարգարեի երկինք առաքվելու:

 

Պարսից ծոցի ինստիտուտի գնահատմամբ՝ Սաուդյան Արաբիան մինչ օրս հաջողացրել է ոչնչացնել Մեքքայի հազարամյա շինությունների 95 տոկոսը:

 

Սաուդյան Արաբիայում պաշտոնական կրոնն իսլամի վահաբիստական ուղղությունն է, որում արգելվում է  տարբեր վայրերի պաշտամունքը: