ԱՄՆ նախագահը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը

15:05 • 13.11.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը նամակ է ուղարկել Կոնգրես, որտեղ տեղեկացրել է Իրանի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:


«Իրանի հետ մեր հարաբերությունները դեռ չեն կարգավորվել»,- նշված է երկրի ղեկավարի նամակում; Այդ առնչությամբ Օբաման որոշել է ուժի մեջ թողնել 1979 թվականից գործող կարգադրությունը, որի համաձայն Իրանի հետ հարաբերություններում հայտարարվում է «արտակարգ դրություն» և սահմանվում են պատժամիջոցներ:


Ինչպես Թեհրանից հաղորդել է ТАСС-ի թղթակիցը, IRNA գործակալությունն այսօր նշել է, որ Օբամայի որոշումը կայացվել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիր կնքելու մասին շարունակվող ինտենսիվ բանակցությունների ֆոնին: Փաստաթուղթը ենթադրում է Իրանի դեմ պատժամիջոցների վերացում երկրում ատոմային էներգետիկայի զարգացման բացառապես խաղաղ ծրագիր իրականացնելու պարտավորության դիմաց: