Միներալնիե Վոդի քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Պավել Աղաբաբյանին ձերբակալել են Անապայում
ՌԴ Կրասնոդարի երկրամասում ձերբակալել են Միներալնիե Վոդի քաղաքի հիվանդանոցում զանգվածային ծեծկռտուքի առավել ակտիվ մասնակիցներից ևս մեկին` Պավել Աղաբաբյանին:
Ինչպես փոխանցում է kommersant.ru-ն` հետաքննությամբ նրա նկատմամբ սպանության և կարգազանցության մեղադրանքներ են ներկայացվել: ՌԴ Քննչական կոմիտեի` Ստավրոպոլի երկրամասի վարչության տվյալներով` ներկայում ձերբակալված են հանցագործությանը մասնակից 33 անձանցից 27-ը, 6-ը դեռևս հետախուզման մեջ են գտնվում:
Քննչական վարչության տվյալներով` «հետաքննության շրջանակում հանձնարարությունների կատարման ժամանակ ՌԴ ՆԳՆ Գլխավոր վարչության աշխատակիցները Կրասնոդարի Անապա քաղաքում ձերբակալել և նախնական քննության անցկացման վայր են բերել 21-ամյա Պավել Աղաբաբյանին, ով մասնակցել էր զանգվածային ծեծին, որի հետևանքով հիվանդանոցում մահացել էր Անատոլի Լարիոնովը»:
Ծեծկռտուքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին, սակայն հետաքննությունն սկսվել է, երբ համացանցում է հայտնվել վերահսկողության տեսախցիկով նկարահանված տեսանյութը, որում պատկերվում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ ծեծի ենթարկում զոհվածին:
Հետաքննությունը պարզել է, որ բախումը երկու ընկերությունների միջև ծագել է «Եվգենյա» սրճարանում, որտեղ Անդրանիկ Ցականյանն ու Եվգենի Սմիրնովը շշով հարվածել են մ Ռոման Սավչենկոյի գլխին, ով իր ընկերներ Անատոլի Լարիոնովի ու Ռուսլան Աբդուլժալիլովի հետ ուղևորվել է հիվանդանոց, սակայն որոշ ժամանակ անց Ցականյանն ու իր 30 ընկերները նույնպես ուղևորվել են հիվանդանոց, այնտեղ դաժան ծեծի են ենթարկել Լարիոնովին, Աբդուլժալիլովին ու բուժքույր Նինա Ստենկային: Ավելի ուշ Անատոլի Լարինովը մահացել է:










