Հայաստանում կույրերն ունեն աշխատանքի և տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ. Կույրերի միավորման փոխնախագահ

21:57 • 13.11.14

Այսօր կույրերի միջազգային օրն է: Այս առիթով անդրադառնալով Հայաստանում կույրերի խնդիրներին՝ Հայաստանի կույրերի միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանն ընդգծեց, որ իրենց թիվ 1 խնդիրը աշխատատեղերն են, այնպես, ինչպես տեսողության խնդիրներ չունեցող բազմաթիվ մարդկանց համար:


«Մենք արտադրանքը վաճառելու խնդիր ունենք այսօր, ինչի համար մեզ շուկա է հարկավոր: Հիմա մեր հույսն այն է, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ճանապարհներ կբացվեն, հետագայում էլ Աբխազիայի երկաթուղին կկառուցվի, որովհետև օդանավով ապրանքները ուղարկելը թանկ է նստում մեզ վրա: Սովետական միության ժամանակ մեր արտադրանքի 95%-ը գնում էր Հայաստանից դուրս»,-ասաց նա և նշեց, որ ներկայում միավորման ձեռնարկություններում կույրերն արտադրում են էլեկտրահոսանքները կարգավորող սարքեր, վարդակներ, մխոցներ և մի շարք այլ ապրանքներ:


Մարտին Սարգսյանը ցավով նշեց, որ այսօր հայկական շուկայում գերակշռում են ո´չ թե իրենց արտադրանքները, այլ՝ չինականը, որոնք ազգաբնակչության համար թեև ավելի մատչելի են, բայց՝ անորակ:


Մարտին Սարգսյանը նաև նշեց, որ այսօր իրենց միավորման մեջ գրանցված են շուրջ 2000 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող կույրերը, ովքեր առանց օգնության հիմնականում տեղաշարժվել չեն կարող: Հարցին, թե հանրապետությունում կույրերի թիվը որքան է կազմում, նա պատասխանեց, միավորումից դուրս կլինի ևս մոտ 300 կույր, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն անդամակցում Հայաստանի կույրերի միավորմանը:

 

Մարտին Սարգսյանը նաև նկատեց, որ Երևանում տեղաշարժվելը գնալով ավելի դժվար է դառնում կույր մարդու համար:
«Նախկինում, երբ մեր միավորման կողմից կառուցվում էր ձեռնարկություն, ոչ շատ հեռու կույր աշխատողների համար կառուցվում էին նաև բնակելի շենքեր: Շենքերն այնպես էինք հարմարացրել, որ մարդը իրենց տնից կարող էր հանգիստ դուրս գալ, գնալ ձեռնարկություն ու հետո հանգիստ միայնակ վերադառնալ: Տեղաշարժի խնդիրներ մենք նախկինում չենք ունեցել, իսկ հիմա դժվարություններն ու բարդությունները շատ են: Օրինակ՝ առավոտյան կարող ես մի ճանապարհով գբալ, երեկոյան այդ ճանապարհը քանդած լինի: Հիմա ոչ մի կույր մարդ չի համարձակվում քաղաք դուրս գալ՝ առանց ուղեկցողի, որովհետև լուրջ խնդիրներ կան հենց մայթերին: Մայթերը հիմանականում ազատ չեն ու ոչ միշտ են սարքած, ինչպես հարկն է»,-ասաց նա:

 

Մարտին Սարգսյանը հորդորեց բոլորին՝ հիշել, որ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող կույրերը տարբերվում են մնացած բոլոր հաշմանդամներից, որովհետև միշտ մեկ այլ մարդու օգնության կարիքն ունեն: