ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից

16:55 • 13.11.14

ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելության տարածած հայտարարության մեջ:

 

ԱՄՆ-ն վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և գործող նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքի նկատմամբ երկրի աջակցությունը:

 

«Մենք ողջունում ենք ընթացիկ տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք հանդիպումները Սոչիում, Նյուպորտում և Փարիզում, որոնք նվազեցրին լարվածությունը և կայունացնող ազդեցություն ունեցան շփման գծի երկայնքով: Մենք ակնկալում ենք, որ նախագահները կշարունակեն իրենց երկխոսությունը եկող տարում։ Խաղաղ բանակցային կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասված է հայտարարության մեջ:

 

ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնել նաև նախօրեին Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի կապակցությամբ և ցավակցություններ հայտնել զոհերի ընտանիքներին: 

 

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել հրադադարը և չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է սրել իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորում գտնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: